«Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա»: Ա Հովհաննես Ա 5
Մութ գիշերը ծածկել էր երկրի երեսը, ահարկու ամպերը անտեսանելի էին դարձնում աստղերի փայլը, և խիտ անտառի միջով անցնող հոգնած ու միայնակ ճամփորդը իր առջև ոչինչ չէր տեսնում: Նա արդեն հուսահատվում էր և կարծում, որ երբեք չի հասնի այդքան սպասելի բնակատեղին: Հիշելով անցած ուղին՝ նա չի հանձնվում և հավաքելով սպառված ուժերը, մի փոքր շունչ առնելով, շարունակում է ճանապարհը: Հանկարծ թանձր մշուշի մեջ ինչ-որ բան է փայլատակում, հեռավոր մի վայրում վառվող լույս է երևում: Հույսի ճառագայթը անմիջապես ներթափանցում է թափառական ճամփորդի հոգուց ներս և նա սկսում է համարձակ քայլել այդ ճանապարհով: Առջևում մեկը մյուսի ետևից կամաց-կամաց երևում են բնակավայրի լույսերը, և նա հասկանում է, որ այլևս միայնակ չէ, որ, վերջապես, փրկված է: Նրա առջև բացվեց քաղաքը, որին նա շտապում էր հասնել:
Արդյո՞ք կյանքում էլ այդպես չէ: Մարդկության պատմության մեջ, նաև մեզանից յուրաքանչյուրի անձնական կյանքում լինում են ժամանակներ, երբ ամեն ինչ ծածկված է մութ խավարով՝ մեղքի, չարության, դավաճանության, թշնամության ու անարդարության պայմաններում: Թվում է, թե թշնամին իշխում է ամբողջ մարդկության վրա, և լույսը մեզանից ծածկելով, թույլ չի տալիս, որ նշույլ անգամ թափանցի այդ անտեսանելի խավարի մեջ: Սակայն «լույսը խավարի մեջ լուսավորում է և խավարը չի նվաճում նրան» (Հովհաննես Ա 5) և այդպես էլ պետք է լինի՝ խավարը չպետք է ծածկի լույսին: Բավական է մեկ կայծ, որպեսզի լույսը տարածվի. օջախից կրակ բռնկվի՝ մեր շուրջը դարձնելով պայծառ և լուսավոր:
Երբ մենք դժվարին ժամանակներ ենք ապրում կյանքում, Տիրոջը հաճելի չէ, որ փորձության ծանրությունից ճնշված տեղի տանք մռայլ մտքերին: Նա ցանկանում է, որ մենք այդ խավարի միջով անցնելիս, առանց տրտնջալու ու հուսահատվելու, ձգտենք մշտապես դեպի լույսը, և մեր օրինակով փայլենք ճշմարտության, բարության և անկոտրում կամքի վառ կրակով:
Մենք՝ բոլորս, անկախ նրանից, թե որտեղ և ինչ պայմաններում ենք ապրում, ամենից շատ մեր կյանքը լուսավորող սիրո անհրաժեշտությունն ենք զգում, որը տարածվում է նրանց կողմից, ովքեր մոտ են աստծվածային սիրո առատաբաշխ աղբյուրին: Այն հոգին, որն իր ամենօրյա ջերմ աղոթքով Բարձրյալի Աթոռին է մոտենում, անկասկած լուսավորվում է երկնային լույսի ճառագայթով և կատարում է Պողոս առաքյալի հորդորը. «Նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծո կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմեացիներ ԺԲ 2):
Առօրյա կյանքում և գործերում, ամենօրյա մեր շփումների մեջ, նորոգվենք հավիտենական կյանքի բնակավայրը հասնելու հույսով և կտեսնենք, թե ինչպես է մեր նորոգված միտքը և մեր ամբողջ էությունը ունակ իր շուրջը տարածելու սիրո հանդարտ հուրը, այլոց մեջ վառելով Աստծո լույսը և հավիտենական կյանքի հույսը: Ինչպես բարին է հաղթում չարին, այդպես էլ անկոտրում հավատքի լույսը վերջապես կհաղթի խավարին, հույսը կդառնա փարոս և Արդարության հավիտենական Արեգակը կրկին կծագի մեզ վրա՝ ցույց տալով ճշմարիտ կյանք տանող միակ ճանապարհը:
Պատրաստեց Գայանե ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ