«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»:
Հովhաննես ԺԴ 6
Ինչպիսի՞ն է աշխարհը Քրիստոսից երկու հազարամյակ անց: Փոխվե՞լ է արդյոք գեթ մի բան, թե՞ ամեն ինչ նույնն է, ինչպես այն օրը, երբ ամբոխն աղաղակում էր՝ ազատի՛ր Բարաբային...
Հիշում եմ, երբ երեխա էի, Սուրբ Զատիկին ընդառաջ հեռուստատեսությամբ ցուցադրում էին Հիսուսի Խաչելության ու Հարության մասին պատմող մուլտֆիլմը: Քույրս և ես մեծագույն սիրով էինք նայում այն, բայց դժվարանում եմ նկարագրել՝ անզորության ու տխրության ինչպիսի ապրումներ էինք ունենում, երբ Պիղատոսը լվանում էր ձեռքերն ու Աստծո Որդուն հանձնում մարդկանց, ովքեր պատրաստում էին խաչել Նրան: Ամեն անգամ այդ մուլտֆիլմը դիտելիս հույս էի փայփայում, որ հենց այս անգամ ամեն ինչ կընթանա այլ կերպ, որ ինչ-որ հրաշքով մարդիկ կհասկանան՝ ինչ են անում, կհասկանան, որ մոլորվել են: Բայց ակնկալածս հրաշքն այդպես էլ տեղի չէր ունենում: Միայն հետո, տարիներ անց պիտի հասկանայի, որ իսկական հրաշքը պատահում էր հենց այդպես. Քրիստոսին պաշտպանելու, փրկելու կարիք չկար: Նա Ինքն էր եկել, որ փրկեր ու պաշտպաներ մեզ: Նա եկել էր, որ ընծայեր մեզ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք:
Հիմա ևս, աշխարհը, որտեղ ապրում ենք մենք, որևէ էական փոփոխության չի ենթարկվել: Մեզնից շատերը այսօր էլ կընտրեին Բարաբային, կուրանային Քրիստոսին, եթե վտանգ սպառնար սեփական անձին, կմատնեին Նրան, եթե հարմար առիթ լիներ... Բայց այսօր ևս Քրիստոս կանցներ մեզ համար այն ուղին, որն անցավ, որովհետև այսօրվա մարդը նույնպես կարիք ունի Ճանապարհի, Ճշմարտության ու Կյանքի:
Մեր ծննդից հետո, լույսը, որ մեզ հետ բերել էինք երկնքից, ամեն օրվա հետ սկսում է քչանալ, մարել: Ձայնը, որ մեր ականջներում էր նորածին ժամանակ, սկսում է խլանալ:
Մի օր էլ պարզում ենք, որ մոլորված ենք. ո՞ւր գնալ, ի՞նչ անել այս աշխարհում, ո՞վ լինել: Այս հարցերը պահանջում են պատասխաններ, որքան էլ մենք մեզ շեղենք, որքան էլ թաքնվենք առօրյա անցողիկ բաների հետևում, մի օր պիտի կանգնենք ու ինքներս մեզ հարցնենք՝ ո՞ւր եմ գնում... Աստծո Որդին ասում էր. «Ես եմ Ճանապարհը»: Ճանապարհ է նաև երկնային այն կյանքը, որ ապրեց Նա: Իր Ծննդից մինչև Մահ Քրիստոս ցույց տվեց՝ ինչով է լի աշխարհը, ինչեր կարող են պատահել, և ինչ կարող է անել մարդն այստեղ, ով կարող է լինել, ինչ կարող է ընտրել: Մարդը, ով Քրիստոսին է ընտրում որպես Ճանապարհ ու սեր, ուժ և իմաստություն է գտնում հավատարիմ մնալու իր ընտրությանը, մի օր անպայման հանդիպում է Ճշմարտությանը:
Ճշմարտությունն արժեք է, գանձ, փրկօղակ, մաքուր օդ: Ճշմարտությունն այն լույսն է, որը մեզ հետ բերում և կորցնում ենք ապա, այն ձայնն է, որ սկզբում լսում ենք, ապա դադարում լսել:
Այն մեզ պատկանող ամենաթանկ գանձն է, որի տեղն իմանալու համար պիտի աշխատանք տանենք, ինքներս մեզ ճանաչենք... Որ վերջապես Ճշմարտությունը որպես փրկօղակ մեզ գրկի ու հանի այն հորձանուտի միջից, որտեղ յուրաքանչյուրս ենք: Վերջապես՝ մաքուր օդ:
Այդ օդը լիուլի շնչելուց հետո մարդը կարող է ասել. ահա՛ Կյանքը: Այդժամ մարդը կհասկանա, որ այն, ինչ ապրել է նախկինում, նման է մի մարդու կյանքի, ով իր բոլոր օրերն ապրել է անապատում, տառապել տապից, քաղցից, ջրի պակասից, նրան խայթել են զանազան միջատներ, հողմերն անընդհատ քշել են նրա ունեցվածքը և... Հանկարծ նա հայտնվել է մի շքեղ, դրախտային այգում, որտեղ ամենուր ծառեր են՝ համեղ մրգերով բեռնված, չքնաղ բույր արձակող ծաղիկներ, Երկնքի փառքը գովերգող թռչունների դայլայլ: Այստեղ ամեն ինչ ներդաշնակ է, հոգեպարար, գեղեցիկ, արարելու տանող, սեր սերմանող...
Ամեն օր մենք միևնույն ընտրության առաջ ենք կանգնած՝ ընդունե՞լ Քրիստոսի ընծաները, գործածե՞լ դրանք սեփական կյանքում, թե լինել նույնքան անհավատ, որքան Նրան խաչողներն էին, մնալ նույնքան անհաղորդ սիրուն, որքան Նրան դատողներն էին, լինել նույնքան անկենդան, որքան Նրան մատնողներն էին:
Երբ մենք կատարում ենք մեր ընտրությունը, ընդունելու Աստծո Որդուն որպես Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք, մեր քայլը փոքր է, ինչպես մանանեխի հատիկը, որը եթե ցանվի պարտեզում, կաճի, կմեծանա ու կդառնա մի հսկայական ծառ, որի ճյուղերին երկնքի թռչուններն իրենց բույն կհյուսեն... Հենց այսպես էր Քրիստոս պատմում Երկնքի Արքայությունից, ուր քայլում է ամեն մարդ, ով ընդունում է Աստծո Որդու ընծաները:
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ