Ուրբաթ 13՝ երջանկության ամսաթիվը

Ուրբաթ 13՝ երջանկության ամսաթիվը

Մեր կենցաղը լի է տարատեսակ սնահավատություններով: Ուրբաթ 13: Ամսաթիվ, որն իր շուրջը հյուսել է բազում լեգենդներ, որոնց մարդիկ անվերապահորեն հավատում են: Սա զուտ սնահավատություն է, որը չունի ոչ մի իրական խորհուրդ:

 

Բելլա տատիկը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր թոռնուհին ամուսնացել է հենց ուրբաթ 13-ին և չի տրվել բոլոր այն խոսակցություններին, թե դժբախտ է լինելու և բազմաթիվ դժվարությունների հանդիպելու. «Այնքան էին երեխայիս ասում օրը փոխեք, բա որ մի բան եղավ, ի՞նչ ենք անելու, սակայն թոռնուհիս, ով հաստատակամ է իր խոսքի ու որոշման մեջ, շարունակ կրկնում էր՝ մի տրվեք սնահավատությունների»: Եկեղեցու բակում էլ հանդիպեցինք նորապսակների, ովքեր դժգոհում էին եղանակի անբարենպաստ պայմաններից և իրար մեջ խոսում՝ իզուր այսօր ամուսնացանք: Մի տարեց կին այդ պահին մոտեցավ թոռնուհուս և ասաց՝ աղջիկս, էնպես կանես, որ եկեղեցուց դուրս եկող հարսին չհանդիպես: Ասում են՝ երկու հարսիկ մի վայրում պետք չէ գտնվեն: Թոռնուհիս պտտվեց և ժպիտով պատասխանեց. «Ես Աստծո տանն եմ, այսօր ուրբաթ 13-ն է, իմ երջանկության ամսաթիվը, տիկին ջան, ես սրտանց հիմա կմոտենամ կշնորհավորեմ մյուս հարսիկին՝ կոտրելով նաև այդ սնահավատության կաղապարները»:


Բելլա տատիկն իր խոսքը եզրափակեց մի շատ կարևոր ցանկությամբ. «Ուզում եմ, որ բոլորս էլ թոռնուհուս չափ գիտակից լինենք նման հարցերում, որ կարողանանք ոչ միայն մեր, այլև դիմացինին հավատացնել, որ կյանքում սնահավատություններին չտրվեն: Դա նույնն է, ինչ մերժեն Աստծուն և ականջալուր դառնան սատանայի խոսքին»:


Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-09
×