«Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկությանը», - ասում է Հենրիխ Հեյնեն:
Բարությունն աշխարհում ամենասպասված և աստվածային առաքինությունն է: Երանելի են նրանք, ովքեր կրում են իրենց մեջ այս աստվածային շնորհը: Բարությունն առհասարակ առողջության գրավականն է:
«Հոգու համար բարությունը նույնն է, ինչ որ առողջությունը` մարմնի. այն չի երևում, երբ ունես և ամեն դեպքում միշտ բերում է հաջողություն», - ասում է Լև Տոլստոյը:
Բարության մասին բազմաթիվ հիշատակություններ տեսնում ենք նաև Աստվածաշնչում: Այնտեղ խոսվում է մարդկային բարության դրսևորման, անսասան հավատքի, փորձությունների ճիշտ հաղթահարման և չչարանալու մասին: Օրինակ` «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ` փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Կորնթացիներ 1.10-13):
Բարությունը հոգևոր սնունդ է բոլոր բարեպաշտ և աստվածավախ մարդկանց համար, առանց որի նրանք ապրել չեն կարող: Այն անհավանական ուժ է ու շատ կարևոր է, որպեսզի այդ ուժը լինի գործող, այլ ոչ թե արտահայտվի միայն խոսքերով: Բարությունը Աստծո կողմից գնահատվող մարդկային ամենաբարձր որակն է, որի դիմաց մարդն անշուշտ կվարձատրվի:
«Փորձեք լինել մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել», - ասում է Կոնֆուցիոսը:
Շատ կարևոր է, որ բարություն սերմանվի նաև երեխաների հոգում, որովհետև յուրաքանչյուր ոք գալիս է մանկությունից, և հենց մանկությունից է ձևավորվում մարդու աշխարհընկալումը, բարու և չարի պատկերացումը:
Բարությունն իրական է, երբ հիմքում ընկած է սերը, սեր առ Աստված, մարդ, բնություն:
«Բարի եղեք ոչ բարի մարդկանց նկատմամբ, նրանք դրա կարիքը ավելի շատ ունեն», - ասում է Էշլի Բրիլիանտը:
Արմեն Չաքմիշյան