Ղևտացոց գիրք

Ղևտացոց գիրք

Ղևտացոցը Հին Կտակարանի և Հնգամատյանի երրորդ գիրքն է: Այն բաղկացած է 27 գլխից և պատմում է Իսրայելի կրոնական-պաշտամունքային կյանքի մասին: Գրքում մանրամասն նկարագրվում է եբրայական կրոնական օրենքները, ծեսերը, քահանաների և սպասավորների պարտականությունները:

 


Հրեաներն այս գիրքը անվանում են Վայիկրա` այսինքն «և կոչեաց»: Հունարեն թարգմանության մեջ այն կոչվում է Լևիտիկոն կամ գիրք Ղևտացոց, քանի որ այնտեղ են նկարագրվում Ղևիի ցեղի վրա դրված պարտականությունները:

 

 


Ղևտացոց գիրքը իր մեջ պարունակում է մի ամսվա պատմություն` Եգիպտոսից ելած երկրորդ տարվա առաջին ամսի մեկից մինչև երկրորդ ամսի մեկը: Օրենսդրության նպատակն է սրբագործել եբրայեցիներին` իբրև Աստծո ժողովրդի, որոնք պետք է առաջնորդվեին Աստծո անմիջական ղեկավարությամբ: Այն բովանդակում է աստվածապաշտական կյանքի բոլոր օրենքները, քանի որ դրանով էր առաջնորդվում Հին Ուխտի Եկեղեցին դեպի աստվածային ճշմարիտ կյանքն ու հաղորդակցությունը:
Այստեղ հստակ արձանագրված են ժողովրդի սրբագործման բոլոր միջոցներն ու եղանակները:

 

 

Ելից գրքում որոշվում է տեղը, ուր պետք է զոհաբերվեին և կարգի կատարումը, իսկ Ղևտացոցում գրված են կանոնները` զոհերի և տոների մասին:
Որպես այդպիսին Ղևտացոց գիրքը բաժանվում է 3 հիմնական մասերի: Առաջին մասում (Ա-ԺԱ) դրված են զոհաբերության կանոնները. այն է` զոհաբերության տեսակները, նպատակը և կարգերը, քահանաների նվիրումը, Ահարոնի կարգազանց որդիների պատիժը, սուրբ և անսուրբ կենդանիները:

 


Երկրորդ մասում` (ԺԲ-ԻԲ) նկարագրվում է սրբությունն ու պղծությունը. այն է` ծննդկանների օրենքը, բորոտները, ակամա պղծությունը, քահանայապետի մուտքը դեպի Սրբություն Սրբոց, զոհելու կանոնը, անմեղ կամ հոշոտված բան ուտելու արգելքը, ամուսնության օրենքները, կրոնական և բարոյական խրատները և քահանաների համար նախատեսված կանոնները:

 

 


Երրորդ մասում` (ԻԳ-ԻԷ) նկարագրվում է տոները, հատկապես Շաբաթն ու մեծ տոները, Ուխտը և տասանորդը: Ղևտացոց գիրքը որոշում է սրբագործելու կանոնները, և թե ժողովուրդը ինչպես պետք է սրբվի և ինչպես պետք է վարվի Աստծո և նրա կողմից ստեղծված արարածների նկատմամբ:

 


Ղևտացոց գրքի հեղինակն է Մովսես մարգարեն: Աստված ընտրեց Ղևիի ցեղին Աստծուն ծառայելու հատուկ առաքելությամբ: Քահանաները պարտավոր էին սրբորեն պահպանել վկայության խորանը, ծառայեն Աստծուն, օրհնեին ժողովրդին և կանոնավոր կերպով իրականացնեին աստվածպաշտության ծեսերը:
Քահանաները նաև իրավունք չունեին ունենալ որևէ կալվածք, քանզի իրենց հույսը ամբողջովին պետք է դնեին Աստծո ողորմածության վրա:

 


Քահանայապետը պարտավոր էր տարեկան մեկ անգամ մտնել Սրբություն Սրբոցը և հանուն իր ժողովրդի զոհ մատուցեր Աստծուն:

 


Հիմք ընդունելով Աստծո 10 պատվիրանները շաբաթը համարվում էր հանգստյան տոն: Այս տոնը կազմում է բոլոր մյուս տոների հիմքը: Այդ օրը բոլորը թողնում էին իրենց աշխարհիկ գործերն ու խնդիրները և վայելում աստվածային ներկայությունը: Հաջորդ տոնը ամսական տոներն էին: Յուրաքանչյուր ամսամուտին (լուսնի առաջին օրը) պետք է ողջակիզվեր և զոհ մատուցվեր, այնուհետև ժողովուրդը պետք է համախմբվեր և այդ տոնը նվիրեին Աստծո պաշտամունքին: Իսկ հաջորդը տարեկան տոներն էին: Տարեկան տոն էր համարվում օրինակ` զատիկը, քավության տոնը և այլն:

 


Յուրաքանչյուր մարդ ունի կատարելության ձգտում և այդ ձգտումը մեզ պետք է դարձնի ավելի գիտակից և պատասխանատու: Պետք է գիտակցենք, որ պատվիրաններն ու օրենքները մեր փրկության համար են, որոնք պետք է իրագործենք մեծ պատասխանատվությամբ՝ հանուն Աստծո Կամքի թագավորության:

 


Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×