Տատիս «ուրիշությունը»

Տատիս «ուրիշությունը»

«Ես սրբի տան էրեխա եմ, ինձ բան չի լինի»,- ասել ու ասում է տատս և անգամ երկրաշարժի օրերին (չնայած Արթիկը չի տուժել) զգացվող ցնցումներից չի վախեցել ու բարձրացել է հինգերորդ հարկ, որ Ավետարանը իջեցնի... Ու, հա՛, տատիս բան չի եղել, շենքն էլ չի փլվել, միայն` խորը ճեղքված պատեր, որ մինչև հիմա էլ կան...

 


Տատս մենակ է ապրում Արթիկի շենքերից մեկի հինգերորդ հարկի իր բնակարանում: Շենքը, կարելի է ասել, դատարկ է. ոմանք արտագաղթել են, ոմանք չգիտեմ՝ ուր են: Բայց տատս կա, ապրում է էլի նույն շենքում... Ու շարունակ պատմություններ է պատմում` թե՛ իր կյանքի, թե՛ առհասարակ իր երկարակեցության «գաղտնիքի» մասին: Այդ երկարակեցության «պատճառն» էլ, ավելի ճիշտ՝ «գաղտնիքը», գիտենք. տատս սրբի տան էրեխա է:

 


Սուրբ Կարապետ. Սուրբ, որը հենց տատիս հայրական բակում է, կարելի է ասել՝ փոքրիկ մատուռ: Ու շատերն են այստեղ մոմ վառում ու աղոթք անում: Սուրբն էլ ունի հին պատմություն, ականատես է եղել նաև թուրքերի գրոհին, որոնք չգիտես՝ որ թվին հասել են նույնիսկ Արթիկ: Այդ պատմություններն էլ անելիս տատիս խճճված մտքերում խոսքը միշտ հայտնի նախադասությամբ է ավարտում. «Դե մենք սրբի տան էրեխա ենք, մեռնեմ իրա զորությանը»: Ու, հա՛, հենց սուրբ Կարապետի ու նաև այն բանի շնորհիվ, որ իրենք «տերտերանց սերունդ» են, ազգանունը Տեր-Կարապետյան է: Ու ահա ազգանունից էլ սկսվում է տատիս «ուրիշությունը»:

 


Ի տարբերություն ուրիշ տատիկների՝ միշտ անսովոր է թվացել: Ու, իրոք, մի տեսակ երբեք նման չի եղել «սովորական» տատիկներին: Ու երևի իր՝ «տարբերվող» ու «ուրիշ» թվացող տեսակն էլ եկել է այն «հպարտությունից», որ ոչ միայն իր՝ սրբի տան էրեխա լինելու փաստից է գալիս, այլև իր հին գերդաստանի պատմությունից («Կարինից ենք եկել, կանցի ենք»): Դեռ փոքրուց էլ այնքան պատմություններ եմ լսել իր ընտանիքի մասին: Նույնիսկ «էն վատ թվերին» բոլորը բարձրագույն կրթություն են ստացել, ունեցել ու ունեն մեծ գրադարան: Իրոք, շատ մեծ գրադարան ունեն: Երբ մտնում ես, քեզ թվում է, թե մեծ հյուրասենյակի չորս պատերը գրքերով հանդերձ կթափվեն վրադ... Պատմած պատմություններն էլ անհաշիվ են և միշտ սկսվում են «մեր տոհմի...» արտահայտությամբ: Ամեն մի պատմած պատմության վերջում էլ միշտ հպարտությամբ պետք է նշի, որ իր «աղջկական» ազգանունը չի փոխել, որովհետև ինքը՝ Վահրամի Կարապետի՝ Տեր-Կարապետյանի աղջիկն է (անվան մեջ պարտադիր պապի` Վահրամի անունն էլ է նշում):

 


Ձգվող ժամանակի ու ավելացող կնճիռների հետ տատս սկսել է մի քիչ «նեղվել», թե բա էս նոր սերունդը իրեն՝ Սուսաննա Տեր-Կարապետյանին` էն, որ Կարինից են եկել, տերտերանց սերունդ են ու սուրբ Կարապետի` սրբի տան էրեխա է, իրեն «լավ տեղը չեն բերում»: Գրադարանում էինք: Չգիտեմ ոնց` հետս եկել էր... Գրադարանավարուհին ջահել աղջիկ էր: Դե տատս չէր կարող չխոսել.
-Աղջի՛կ ջան, տատիկդ, պապիկդ քեզ չե՞ն պատմել... Ախր հե՞չ լսած չկաս Վահրամի Կարապետի՝ Տեր-Կարապետյանների... Մենք Սուրբ էլ ունենք... Վստահ եմ` մոմ վառած էլ կլինես...
Դուրս եկանք: Չգիտեի, թե ոնց ասեի, որ չնեղվեր: Բայց դե խոսակցությունն ինքը բացեց.
-Էդ ո՞վ էր: Մերոնց չճանաչեց:
Չդիմացա.
-Ա՛յ տատ, էդ ջահել աղջիկը որտեղի՞ց պիտի իմանա քո հոր մասին, կամ առհասարակ...
Շատ նեղվեց: Շտապեցի ինչ-որ մի կերպ իրավիճակը փոխել.
-Էդ աղջկա տատն ու պապը հաստատ ձերոնց կիմանան...
-Հա՛, ինչը՞ղ կըրնան չիմանան մերոնց ու մեր Սուրբը...

 

 

Երբ մտնում եմ տատիկենց շենք, շենքի խորը ճեղքերը սարսափ են ներշնչում: Թվում է` հիմա պատերը կլցվեն վրաս, ամեն ինչ ակնթարթորեն կփլվի ու... Բայց շունչ եմ քաշում ու ոտքս վստահ դնում առաջին աստճանին: Հինգ հարկ էլ դեռ պետք է բարձրանամ: Ու, հա՛, պատերը չեն փլվի, ոչինչ չի պատահի: «Մենք սրբի տան էրեխա ենք»,- հիշում եմ տատիս խոսքերն ու ինչ-որ տեղ այն նաև ԻՄԸ դարձնում: Չէ՛, ոչ մի վատ բան չի պատահելու. եթե կա հավատ, ուրեմն, արդեն փրկված ես:

 

 

Արփինե Վարդանյան

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-08-09
×