Ելից գիրքը Աստվածաշնչի երկրորդ գիրքն է: Գրքում պատմվում է, թե ինչպես են Աբրահամի ժառանգները Եգիպտոսում ապաստան գտնելուց հետո դառնում բազմամարդ ժողովուրդ և հետագայում ստրկացվում փարավոնի կողմից: Ինչպես նաև թե ինչպես Տերը Մովսես մարգարեի միջոցով ազատեց ժողովրդին և Սինա լեռան վրա ուխտ կնքեց իր պատվիրանների ու օրենքների հայտնությամբ և ինչպես կառուցվեց Աստծո վկայության խորանը:
Գրքի բովանդակությունը բաժանվում է երեք մասերի: Առաջին մասը (Ա. – ԺԲ. 36) պատմում է ելքին նախընթաց դեպքերը, մասնավորապես ժողովրդի կրած չարչարանքները, որոնց նրանք ենթարկվել են Եգիպտոսում, Մովսեսի 40 տարվա պատմությունը, նրա կոչումը, Եգիպտոս այցը և ջանքերը հանուն Իսրայելի ազատության:
Երկրորդ մասը (ԺԲ. 37-ԺԸ.) ներկայացնում է բուն ելքը: Այն ևս պատմում է Առաջին բանակատեղի, զատկի կարգի, անդրանկաց նվիրումի և ամպե սյան, Կարմիր ծովով անցման, Իսրայելցիների անապատի դեգերումների և երկնային մանանայի մասին:
Իսկ երրորդ մասը (Ժթ.-Խ) օրենսդրության և վկայության խորանի պատմությունն է: Այն է՝ Աստծո ուխտադրությունը և ժողովրդի գալը Սինայի մոտ, առաջին օրենքները և զգուշացումը Քանան մտնելու համար, ինչպես նաև կարգադրությունը ուխտի տապանակի և վկայության խորանի համար, ժողովրդի ուրացությունն ու դրա հետևանքները և վկայության խորանի շինությունը:
Ելից գրքի օրենսդրությունն ունի իր հստակ նպատակն ու հիմքերը: Ուսումնասիրելով այդ օրենսդրությունը հասկանում ենք, որ այն դասավորված է երեք սկզբունքներով:
Առաջինն ընդգծում է, որ իսրայելացիները աստվածապետության հպատակներ են:
Երկրորդը՝ քանի որ Աստված թագավոր է, նրա հպատակները պետք է լինեն Նրան հավատարիմ, իսկ աստվածապաշտության ուխտից դուրս եկածները պետք է քարկոծվեն:
Երրորդը՝ Աստված է ամեն ինչի Տերը, ուստի ամենքը պարտավոր էին միայն Նրա կամքը կատարել:
Ուրեմն աստվածապետական այս օրենքով պայմանավորված են երկու կարգի օրենքներ`աստվածապաշտության և քաղաքացիական կյանքին վերաբերող:
Ելից գրքի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ Հին Կտակարանի այս գրքում են զետեղված Աստծո 10 պատվիրանները, ինչպես նաև շեշտվում է դրանց կարևորությունն ու իմաստը մեր կյանքում: «Մեկ է բարին, եթե կամենում ես հավիտենական կյանք մտնել, պահիր պատվիրանները» (Մատթ. 19.17):
Այս պատվիրանները հոգևոր օրենքներ են: Դրանցով էին շարժվում Հին ուխտի բոլոր մարգարեներն ու առաքինասեր մարդիկ: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի, պատվիրանները ներկայացնում են մի ոսկե շղթա: Եթե այդ շղթայից ընկնում կամ կոտրվում է մի օղակ, ապա փոխհարաբերությունները Աստծո հետ երկրի վրա և հավիտենական փրկությունը մարդու համար դառնում է անհնարին:
Տասը պատվիրանները նաև սիրո պատվիրաններ են, սեր ուղղված դեպի Աստված և դեպի մերձավորը: Ցույց տալով այս երկու տիպի սերը` Հիսուս Քրիստոս այն հարցին, թե ո՞րն է ամենամեծ պատվիրանը, ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը. երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները (Մատթեոս 22.37-40):
Տիրոջ առաջին պատվիրանին անրադառնալիս, առաջին հայացքից ուշադրության է արժանի այն, որ Աստված չի դիմում որևէ անորոշ, անհայտ բազմության, այլ յուրաքանչյուր մարդու առանձնապես` «Ես եմ քո Տեր Աստվածը…»: Այս մոտեցումն ընդգծում է Աստծո ցանկությունը` ունենալ անհատական, մտերմիկ փոխհարաբերություն մեզանից յուրաքանչյուրի հետ: Այս պատվիրանը կազմված է երկու մասից. Ես եմ քո Տեր Աստվածը. այսինքն` Տեր Աստված միակն է: Նրա նման և Նրան հավասար մեկը գոյություն չունի: Նա է մեր Արարիչը և ողորմած Հայրը, մեր երջանկության համար հոգացողը:
Մյուսը` ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենա՛ս. ոչ մի իշխանություն, ոչ մի Տեր, ոչ մի բարիք Աստծուց բարձր չպիտի դասենք, որովհետև Նա է ամենաբարձր իշխանությունը, ամենամեծ զորությունը. Նա է միակ ճշմարիտ, միակ զորավոր, միակ կենդանի Աստվածը:
Երկրորդ պատվիրանը կտրականապես արգելում է կռապաշտությունը: Եթե ամեն բանից առավել Աստծո վրա ենք հույս դնում և սիրում ենք Նրան, ապա այդ ժամանակ կարող ենք ասել, որ կատարում ենք այս պատվիրանը և չունենք մեր կյանքում ոչ մի կուռք:
Երրորդ պատվիրանը անմիջականորեն կապված է մարդու հոգևոր գիտակցության և աշխարհընկալման հետ: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ արարվել է Աստծո կողմից, ուստի պարտավոր է Տիրոջ անունը տալ ամենայն հարգանքով, այլ ոչ ցանկացած անպատեհ առիթով: «Սուրբ թող լինի քո անունը». Տերունական աղոթքի այս տողերը մեզ հիշեցնում են, որ Տիրոջ անունը սուրբ է, և այն մեծ ակնածանքով ու փառաբանությամբ պիտի արտաբերենք:
Չորրորդ պատվիրանը վերաբերում է շաբաթը սուրբ պահելուն: Աստված չի ասում, որ շաբաթվա օրերի միջև տարբերություն դնենք, այլ պարզապես ասում է, որ վեց օր աշխատենք և յոթերորդ օրը հանգստանանք: Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն` հեռու մնալ աշխարհիկ գործերից և այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծո փառավորմանը և հոգևոր գործերին:
Հինգերորդ պատվիրանը ծնողներին հարգելու կոչն է: Սերը ծնողների հանդեպ յուրաքանչյուր մարդու բնական զգացումն է: Ծնողներն Աստծո կողմից տրված սուրբ պաշտոն ունեն, Աստված նրանց իր փոխանորդն է նշանակել: Միշտ պետք է հիշել, որ կյանքը մեզ պարգևած այնպիսի բարիք է, որի համար զավակները ոչ մի բարի գործով չեն կարող հատուցել իրենց ծնողներին: Որովհետև Աստծուց հետո ծնողներն են զավակներին կյանք շնորհել. մեր աներևույթ հոգին Աստված է արարել, իսկ մեր երևելի մարմինը` մեր ծնողները: Սիրաքը պատգամում է յուրաքանչյուր զավակի` ասելով. «Քո բովանդակ հոգով պատվի՛ր հորդ և մի՛ մոռացիր մորդ երկունքը» (Սիրաք 7.29):
Վեցերորդ պատվիրանը շատ հստակ է: Կյանքը Աստծո կողմից տրված ամենամեծ պարգևը և հարստությունն է: Աստված է կյանքի աղբյուրը, այդ պատճառով ձեռք բարձրացնել սեփական կամ ուրիշի ամենաթանկ պարգևի վրա, այսինքն՝ սպանել կյանքը, համարվում է ծանր և մեծագույն մեղք:
Յոթերորդ պատվիրանը բնութագրում է մարդու կամքի ուժը: Այն թե որքան հզոր կամքի տեր է նա, որ կարողանա չտրվել տարատեսակ գայթակղություններին և ապրել սրբակենցաղ կյանքով, այդ կերպ նմանվելով Աստծուն:
Ութերորդ պատվիրանը արգելում է գողությունը: Քանզի այն ինչ քոնը չէ, իրավունք չունես վերցնելու:
Իններորդ պատվիրանը արգելում է սուտ մատնությունը, զրպարտությունը հարևանի կամ մերձավորի նկատմամբ: Այդ կերպ նաև հստակորեն բնութագրվում է քո բարոյական արժեքները:
Տասերորդ պատվիրանը արգելում է աչք ունենալ կամ նախանձել այն բաների վրա որոնք պատկանում են քո մերձավորներին: Քանզի եթե իրապես բարեպաշտ մարդ ես, ապա պետք է քո հոգին միայն ցնծություն ապրի նրանց հաջողությունների համար:
Դարեր են անցել, բայց տասը պատվիրանների նշանակությունը երբեք չի նվազել: Պատվիրանները Հին և Նոր կտակարանների հավիտենական կյանքի աղբյուր են, դրանք անփոփոխ կերպով միավորում են մարդուն Աստծո հետ: «Քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները. և Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհաննես 5.3-4):
Արմեն Չաքմիշյան