Տնօրհնեքի խորհուրդը

Տնօրհնեքի խորհուրդը

Տնօրհնեքը Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից է, որն ըստ Ս. Գրիգոր Տաթևացու հաստատվել է Հարուցյալ Փրկչի կողմից, երբ Հարությունից հետո նա վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին» (Հովհ. Ի 19):

 


Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների բնակարանները լցվում են Աստծո շնչով: Տունը յուրաքանչյուր մարդու սուրբ օջախն է, և աստվածային օրհնությունը քո օջախ բերելու, երկնային վահանով այն պաշտպանելու և ամեն տեսակ չարքերից այն մշտապես հեռու պահելու համար` տնօրհնեքը ամենից զորեղ միջոցն է:

 


Աստվածաշնչում Քրիստոսն իրեն համեմատում է կյանքի ջրի և հացի հետ, իսկ քրիստոնյաներին` աշխարհի աղի, այդ պատճառով` ջուրը, աղը և հացը համարվում են հոգևոր մեծ խորհուրդ ունեցող բաղադրիչներ և հանդիսանում են տնօրհնեքի կարևորագույն մասնիկը: Տնօրհնեքի արարողությունը կատարվում է հետևյալ կերպ` սարկավագը առաջ է տանում բուրվառը, ինչից հետո խնկաբույրը տարածվում է ողջ տնով: Քահանան արարողությունը սկսում է աղոթքներով և շարականներով, որի ընթացքում աղոթում է առ Աստված, որպեսզի Տերը մշտապես խաղաղ և անսասան պահի օջախը:

 


Այնուհետև, ընտանիքի անդամների երգակցությամբ, քահանան օրհնում է աղը, հացը, ջուրը, որոնց շնորհիվ օրհնվում է տան ամբողջ բարիքը: Վերջում օրհնված ջրով ցողվում է տան պատերը:

 


Որպես կանոն տնօրհնեքի սրբազան արարողությունը կատարվում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ավետարանի վկայությամբ` Սուրբ Զատիկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով, մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները և օրհնեց նրանց (տես` Հովհ. 20: 19-20): «Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր: Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղմ. 90: 9-10):

 


Հարկ է նշել, որ հաճախ տան անդորրը և խաղաղությունը խախտվում է այն պատճառով, որ տան անդամներից որևէ մեկը դիմելով մոգերի և գուշակների օգնությանը, անգիտակցաբար խախտում է տան խաղաղությունը և ակամայից չար ուժերի ազդեցությունը ներգործում է տուն:
«Եվ ի վերջո, զորացեք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ: Ձեզ վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել սատանայի հնարքներին» (Եփեսացիներ 6.10-11):

 


Ցավալի և միևնույն ժամանակ անձի հոգևոր աճի առումով խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ տնօրհնեքի արարողությունը շատերի մոտ դարձել է մոդայիկ միջոցառում, ինչը բոլորովին կապ չունի արարողության բուն խորհուրդի և ասելիքի հետ:


«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126.1):
Այս իրողությունը չի վերաբերում միայն տնօրհնեքին: Բազմաթիվ մարդիկ այսօր կատարում են` տնօրհնեքի արարողություն, մասնակցում պատարագների, մատաղ անում, պարզապես նրա համար, որ այդպես է ընդունված:


Սա բավականին խորքային և մարդու գիտակցականի հետ կապված գերխնդիր է, որը գալիս է նրա հոգևոր գիտելիքների պակասությունից և սխալ աշխարհընկալումից:

 


Արմեն Չաքմիշյան

  • 2021-08-09
×