Նեղությունների մեջ Տիրոջը փառաբանելու մասին

Նեղությունների մեջ Տիրոջը փառաբանելու մասին

Երբ առնչվում ենք քրիստոնեական ճշմարտություններին, ընթերցում Ավետարանը, մեր սիրտը հուզվում է Աստծո հրաշքներից, կենարար խոսքերից և հոգեշահ պատվիրաններից: Արդյոք կա՞ մեկը, որ, այս ամենը ապրելով, չասի. «Օրհնյա՛լ է Աստված», ո՞վ, երբ իմանա, որ տիեզերքի Արարիչն Ինքը եկավ և մարդացավ ու որպես մարդ մեր մեջ ապրեց, Իր անարատ կյանքը զոհաբերեց մեր փրկության համար, երբ ըմբռնի, որ «մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ և Իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհ. Դ 10), չպիտի ասի. «Օրհնյա՛լ է Աստված», թերևս միայն անզգամը, որ իր սրտում նույնիսկ կարող է ասել, որ «չկա Աստված» (Սաղմոս ԺԳ 1): Այո՛, երբ այս ամենի մասին խոսում կամ լսում ենք, մեր սիրտը ջերմությամբ է լցվում: Ոգևորվում ենք, երբ «քայլում» ենք Ավետարանի շավիղներով, երբ կարդում ենք առաքյալների գործերը և թղթերը: Մեր հոգին կորովով և հիացմունքով է լցվում սրբերի քաջագործություններից և այն համբերությունից, որով նրանք ժուժկալեցին նեղություններին: Սակայն երբ հերթը մեր անձին է հասնում, մենք պատրա՞ստ ենք փոքրագույն նեղությունների մեջ նույն սրտի ցնծությամբ «ինչո՞ւ» հարցի փոխարեն ասել. «Օրհնյա՛լ է Աստված»: Օրինակ, երբ կարդում ենք, որ Պողոս առաքյալը՝ որպես մեռյալ, քաղաքի պարիսպներից երկու անգամ դուրս գցվեց, որ մարմնի խայթ ուներ ու որ աղքատության մեջ ոչ ոքի բեռ չեղավ (հմմտ. Բ Կորնթացիներ ԺԱ 23-27) և երբեք չթերացավ աստվածպաշտության և քարոզչության մեջ, փայլեց իր խոսքով. «Եթե պարծենալ է պետք, իմ տկարությանը վերաբերող բաներով պիտի պարծենամ» (Բ Կորնթացիներ ԺԱ 30), մենք հասկանում ենք և ասում, որ նա Աստծո առաքյալն էր, որ նա Աստծուն հավատարիմ մնաց, և առ Աստված նրա հավատքը էլ ավելի փայլեց և մեզ օրինակ եղավ, և… «Օրհնյա՛լ է Աստված»:

 

Մենք գիտենք, որ երկրային հարստությունը տքնությամբ է լինում մանավանդ արդար մարդու համար, ուստի երկնային գանձը, որ անհամեմատ առավել է ապականացու երկրային գանձից, որքան առավել տքնության, նեղության և Աստծո աջակցության կարիքն ունի:


Այս ամենը մեզ հասկանալի է, քանի որ մի երկրորդ անձնավորության մասին է, սակայն երբ այդ նեղություններից շատ ավելի փոքր նեղությունների ենք հանդիպում, միանգամից հարցնում ենք. «Տե՛ր Աստված, ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ ես»: Երբ մեզ ասում են, որ քրիստոնեությունը նեղությունների ճանապարհ է, մենք, միանգամից մոռացած սրբերի կյանքից մեզ ուսուցանող դասերը, հարցնում ենք. «Մի՞թե առանց նեղության չի լինի»:


Այժմ հարցնենք ինքներս մեզ. եթե չլինեին նեղությունները և հալածանքները, արդյոք այդքան սրբերի կյանքերի օրինակները և հաստափոր հատորները, որոնք մեզ համար կենդանի ավետարաններ են, պիտի լինեի՞ն: Ո՛չ, քանզի Եկեղեցու հիմքերը սրբերի արյան վրա են գցված:


Այո՛, եթե չլինեին նեղություններ, մարդ թերևս չհիշեր Աստծո մասին, չանդրադառնար իր շեղ ընթացքին: Ո՞վ պիտի հպարտին համոզեր, որ նա հպարտ է, հայհոյողին համոզեր, որ մեղավոր է և այլն:

 

Նեղությունը խորհրդաբար այն ցավն է, որը մեզ հիշեցնում է մեր վերքի մասին, այն հարթակն է, որտեղ վարժվում է մարդը և պսակների արժանանում: Եթե վերքը ցավում է, մեզ ստիպում է խոստովանել մեր տկարությունը և բժիշկ փնտրել, սակայն եթե ոչնչով իրեն զգացնել չի տալիս, այն խորանալով թերևս մեր կյանքի համար վտանգավոր է դառնում:

 

Երբեմն մենք նեղության մեջ դիմում ենք Աստծուն և ասում. «Տե՛ր Աստված, այլևս չեմ կարող, սրանք իմ ուժերից վեր նեղություններ են»: Այս ասելով՝ մենք չենք նկատում, որ Աստծո արդարության և սիրո դեմ ենք մեղանչում, քանզի Աստված ոչ ոքի իր ուժերից վեր բեռ չի տալիս:

 

Եթե պիտի «մարզվել» առաքինության մեջ, ուրեմն մարդ պիտի նաև պատրաստ լինի իր ուժերի ամբողջ հնարավորության չափով նեղություններ կրել: Քանի որ հաջողության է հասնում միայն այն մարզիկը, որ մշտապես մարզվում է իր ուժերի գերլարումով, և սրան հակառակ՝ անհաջողության է մատնված նա, ով ծուլորեն և իրեն խնայելով է մարզվում: Ուրեմն, Աստված մեզ ոչ թե մեր ուժի կեսի, այլ կարեցածի չափով է նեղություններ տալիս և որպես սիրող Հայր՝ աջակից լինում:


Երբ կարդում ենք Ավետարանները կամ սրբերի վարքերը, պիտի մտածենք, որ Աստված այդ ամենը մեզ համար արեց, ոչ թե հարևաններիս կամ ընկերներիս համար, այլ հենց ինձ համար, և ոչ թե հարևանս է, երախտիքը մոռանալով, մեղանչում, այլ ես ինքս: Այս ամենը առաքինասեր կյանք ապրելու կոչ է մեզ: Ուստի, երբ նեղության ենք հանդիպում, չմոռանանք Աստծո երախտիքները և Հոբի նման ասենք. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ Բ 10):

 

Վաչագան սարկավագ Դոխոլյան

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-07-08
×