Ու՞մ և ինչպե՞ս ընտրել կնքահայր, ի՞նչ դժվարություններ են առաջանում կնքահոր ընտրության ժամանակ: Հարցեր, որոնց պատասխանները հուզում են բոլոր նրանց, ովքեր դեռ չեն մկրտվել:
Կնքահոր ընտրությունը մարդու կյանքի կարևորագույն որոշումներից մեկն է: Հաճախ, մարդիկ կնքահոր կարգավիճակում ցանկանում են տեսնել իրենց բարեկամներին՝ կարծելով, որ այդպես ավելի կամրապնդվի բարեկամական կապը:
Հայ Առաքելական եկեղեցին չի խրախուսում այդ մոտեցումը: Բարեկամին քավոր չեն ընտրում (սա ոչ թե կանոնական հարց է, այլ ավանդույթի), քանի որ նա առանց այդ էլ քո բարեկամն է, փոխարենը պետք է ընտրել նրան, ով բարիդ կամեցողն է, ով պատրաստ է համալրել ընտանիքիդ մեծ շրջանակը՝ տալով քեզ մեծ հոգատարություն, սեր, սերմանել քո մեջ հոգևոր ճիշտ դաստիարակություն և արժեքներ:
Կնքահայր կտրականապես արգելվում է ընտրել հորը, պապիկին և եղբորը: Կնքահայր ընտրել չի կարելի նաև իգական սեռի ներկայացուցչի: Կնքամոր ինստիտուտ Հայ Առաքելական Եկեղեցին չունի:
Կնքահայր նախընտրելի է ընտրել այնպիսի մեկի, ով ունի մեծ կենսափորձ, ով պատրաստ է իր հոգևոր գիտելիքներով կիսվել սանիկի հետ, ցույց տալ ճշմարիտ քրիստոնյայի ուղին:
Լիլիանա Օսիպյան