Կյանքը պայքար է ու մենք այդ պայքարի մեջ փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ ու միաժամանակ չձախողվել: Սայթաքել միշտ կարող ենք, բայց ամեն վայրկյան ունենք հնարավորություն նորից կանգնելու ու շարունակելու:
Ես միշտ վախեցել եմ պարտվելուց, դրա մասին մտածելն անգամ ցավոտ էր թվում: Այդ միտքը այնքան ժամանակ ինձ թվաց ծանր մինչև ես իմ մարմնի վրա զգացի պարտության գինը:
Թվում էր՝ այդ դեպքից հետո ես կկորցնեմ իմ ծիծաղը, առաջվա կենսախինդ մարդուն չեմ տեսնի իմ մեջ: Հերթական վախերն էին. միտքը որ ինձ կտեսնեն «պարտված» ու «կոտրված» ցավոտ էր:
Տարիներ են անցել, հիմա երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ կյանքը կառուցված է պարտությունների և հաղթանակների վրա: Մենք միշտ ցանկանում ենք հաջողության ու փառքի մեջ ապրել, բայց պետք է ընդունել, եթե չլինեն ձախողումներն ու սայթաքումները մենք չենք կարողանա գնահատել կյանքի ընձեռած իրական հնարավորությունները: Ի վերջո ինչու՞ ամաչել սեփական պարտությունից, եթե այն մարդու համար է:
Ինչպես Վիլիամ Սարոյանն է ասել. «Մարդ պետք է հնարավորին չափ շուտ՝ դեռ վաղ հասակից վարժվի պարտվելուն: Ուզում եմ ասել` նա պետք է սովորի արժանավայել պարտվել: Եթե ցանկանում ես խաղալ, ուրեմն պարտվելուն պիտի նախօրոք պատրաստված լինես, որովհետև ում հետ էլ խաղաս, ինչի հետ էլ որ խաղի մեջ մտնես, նա հաղթելու նույնքան հավանականություն ունի, որքան և դու, ու տարբերություն չկա, թե ինչ եք խաղում և ինչի վրա»:
Առջևում մի ամբողջ կյանք է մեզ սպասում, ապագան անտեսանելի է, բայց լավատեսությունը լավագույն զգացումն է, որ կարող է ուղեկցել մեզ: Վստահ եմ, որքան շատ մտածենք լավի ու դրականի մասին, այնքան այն ավելի արագ կգա մեզ մոտ: Հուսահատվել ու անձնատուր լինել երեբեք պետք չէ, ընդամենը փորձեք ամպերի մեջ արևի լույս փնտրել ու կտեսնեք, որ այն կշողա ձեզ համար:
Մարիետտա Խաչատրյան