Արդյո՞ք բարի նախանձ

Արդյո՞ք բարի նախանձ

Երբեմն մենք նախանձով ենք նայում մեր մտերիմների, անգամ մեզ անծանոթների կատարած և հաջողած գործերին: Այստեսակ զգացումը շատերի կողմից մեկնաբանվում է որպես բարի, սպիտակ նախանձ, սակայն արդյո՞ք իրականում գոյություն ունի այդպիսին:

 


Հիշելով Աբելի և Կայենի օրինակը՝ կարող ենք ասել, որ նախաձը մարդկային ամենահին բացասական սովորություններից է:

 


Ադամի և Եվայի որդիներից ավագը՝ Կայենը, զբաղվում էր հողագործությամբ, իսկ Աբելը հովիվ էր: Մի անգամ Կայենը Աստծուն նվեր մատուցեց իր մշակած հողի առաջին բերքից, իսկ Աբելը զոհաբերեց իր հոտի առաջնածիններից: Տերը, սակայն, ճանաչում էր նրանց սրտերը. գիտեր, որ Աբելն իր գառներից ամենալավը նվիրեց, իսկ Կայենը բերքի լավագույն մասը պահեց իրեն: Այդ պատճառով Աստված ընդունեց միայն Աբելի զոհաբերությունը՝ տալով իր բարեհաճության նշանը:

 


Կայենը կատարեց աշխարհում առաջին եղբայրասպանությունը՝ նախանձից դրդված, ու արժանացավ Աստծո պատժին:
Ուստի պիտի խորհենք այն ուղղությամբ, թե ուր, ինչ արարքների է դրդում մեզ մեր զգացած նախանձը: Արդյո՞ք դրական արարքների: Եվ կամ այն, ինչ դրդում է բարի գործերի, արդյո՞ք կարող է նախանձ կոչվել:

 


Երբեմն նախանձը կարող է շփոթելի լինել շարժառիթ ունենալու գիտակցման հետ և մեկնաբանվել որպես բարի կամ լավ գործի, անձնային աճի դրդող հատկություն: Սակայն պիտի հասկանանք, որ դրական շարժառիթին երբեք կարիք չկա անվանել նախանձ, իսկ նախանձին, որն ունի բացասական բառիմաստ և դրդում է բացասական արարքների, կարիք չկա դրական իմաստ հաղորդել:

 


Իսկ ինչպե՞ս խուսափել, կանխել կամ հաղթահարել նախանձը, անգամ եթե այն անվանում ենք բարի կամ սպիտակ: Ինչպես բոլոր հոգևոր հիվանդությունների դեպքում, այստեղ ևս պիտի որպես դեղատոմս ունենանք անսպառ սերն ու աղոթքը:

 


Վիկտորյա Մարկոսյան

 

  • 2021-07-08
×