Երկրորդ Օրինաց

Երկրորդ Օրինաց

Երկրորդ Օրինացը Հին Կտակարանի հինգերորդ գիրքն է: Գրքի հեղինակը Մովսես Մարգարեն է: Այն կոչվում է Երկրորդ օրենք, որովհետև իր բովանդակությամբ երկրորդում է Հին Կտակարանի նախորդ օրենքի գրքի նորմերը: Այստեղ հստակորեն նկարագրվում է Մովսեսի խոսքը ուղղված Իսրայելցիներին, ովքեր պատրաստվում էին Հորդանան գետի մյուս կողմն անցնելուն ու Քանանի նվաճմանը:

 


Տարօրինակ է բայց ռաբբիներն այս գիրքը կոչում էին «Գիրք հանդիմանության» կամ «սպառնալիքի», պատճառաբանելով, որ այստեղ նկարագրվում է խստաբարո ժողովրդի հանդիմանությունը անցյալի և ապագայի մեղսագործների համար:

 


Երկրորդ օրինաց գիրքը իրենից ներկայացնում է մի ամբողջություն, որն այնքան էլ սերտորեն կապված չէ Թվոց գրքի հետ, ինչպես օրինակ`Թվոցը Ղևտականի կամ Ղևտականը Ելքի հետ:

 

Գրքի հիմնական բովանդակությունը Մովսես Մարգարեի երեք քարոզներն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր վերնագիրն ու պատմական եզրափակումը:

 


Առաջին քարոզը նման է նախաբանի: Այստեղ Մովսես Մարգարեն ներկայացնում է այն դեպքերի պատկերները, որոնք անցել են Սինայից հետո և հորդորում է պահպանել դրանք:

 


Երկրորդ քարոզը գրքի կարևոր մասն է: Այստեղ հստակորեն ամփոփվում է Մովսեսի օրենքների էությունը, հիշատակելով օրենքն ու տասնաբանյան: Երկրորդ քարոզի առաջին մասում նա հիշեցնում է հրեաներին, թե ինչո՞ւ պետք է հավատարիմ մնան Աստծուն: Նա հայտնում է, որ տիեզերքում, երկնքում և երկրի վրա միայն Աստված է ճշմարիտ, ուստի հանուն նրա պետք է Քանանացիք իսպառ վերացնեն կռապաշությունը իրենց երկրից, այդ կերպ ապացուցելով իրենց անբասիր հավատքն առ Աստված: Այստեղ ամփոփված են առաջինը`կրոնական օրենքներ, երկրորդը`քաղաքացիական օրենքներ, երրորդը`անձնական օրենքներ և այդ ամենի ճշգրիտ պահպանության հորդորը:

 


Երրորդ քարոզը խորագիր չունի և բաժանված է երեք մասերի: Նախ հայտնված է այն պարտավորությունը, որը պետք է կատարեր ժողովուրդը երկիրը նվաճելուց հետո Գեբաղի և Գարեգինի վրա ի նշան օրինապահության: Այնուհետև օրհնվում են օրինապահները և նզովվում օրինազանցները: Եվ վերջում ևս մեկ անգամ հորդորվում է լինել օրինապահ:

 


Երկրորդ օրենքի երեք քարոզների տրամաբանական եզրափակումը, ցույց է տալիս, որ Մովսեսը իրեն հաջորդող է նշանակում Հեսու Նավեին և կարևոր խորհուրդներ է տալիս ու պատվիրում կարդալ օրենքը և պահել ուխտը: Այդ ամենին հետևում է Մովսեսի երգը, հետո Իսրայելի ցեղերի օրհնությունը, այնուհետև Մովսեսի մահը:

 


Աստվածաշնչյան օրենքների պահպանումն ու սրբակենցաղ վարքը յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր պարտքն է, որով նա պետք է վկայի իր հավատքը և հավատարմությունն Աստծուն:

 


Արմեն Չաքմիշյան

  • 2021-07-08
×