Տեր Շահեն մասնակցեց անկախության թեմայով ասուլիսի

Տեր Շահեն մասնակցեց անկախության թեմայով ասուլիսի

Յուրաքանչյուր պետություն ամուր է իր մնայուն արժեքներով՝ լեզու, հավատք, մշակույթ, և զուր չէ, որ թշնամու առաջին թիրախը միշտ էլ եղել են հենց այդ արժեքները, և երկրի դավաճանների շարքում հայտնվել են հենց անհավատներն ու անաստվածները: Ժողովուրդը նրանց այդպես էլ անվանել է՝ անաստված դավաճաններ…Դավաճանում են ոչ միայն զենքով, խոսքով, այլև գաղափարով:

Եվրոպական որոշ կառույցների կողմից ներմուծված շատ ու շատ աղանդավորական շարժումներ այսօր փորձում են խարխլել մեր հավատքի արմատները մեր իսկ ձեռքերով, ու, կարծես, անկախ Հայաստանում ավելի դժվար է դառնում հոգևորականի ծառայությունը, քան աթեիստական ժամանակներում… Երևի նման խնդիրների հրատապությունն է պատճառը, որ այսօր տեր Շահե քահանա Հայրապետյանի բանախոսությամբ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կարծես փոքր-ինչ շրջանցվեց ասուլիսի հիմնական թեման՝ «Անկախությունը և եկեղեցին»…

Այն հարցին, թե ինչո՞ւ եկեղեցին չի կարողանում այսօրվա կրոնական մարտահրավերներին դիմակայել, բանախոսը պատասխանեց.- Եկեղեցին միայն քահանան, կրոնավորը չէ: Բոլորս միասին ենք եկեղեցի կազմում: Համախմբված ժողովուրդն է հաղթում, և մենք այս հարցում էլ պետք է համախմբվենք, միմյանց սատար լինենք: Փառք Աստծո, այսօր եկեղեցու կողքին շատ են գիտակից երիտասարդները, բայց մենք բոլորիդ կարիքն ունենք: Մեկ հոգևորականի պատրաստումը տևում է 10 տարի: Եկեղեցին դժվար տարիներ է ապրել և փորձում է իր մեջքը շտկել: Երբեմն խոսակցություններ են շրջանառվում, թե հոգևորականը մարդկանց կողքին չի, չի մտնում նրանց մեջ, չի խոսում, այնինչ աղանդավորները բախում են դռներն ու անվճար գրականություն բաժանում: Սակայն, ինչպես տեր հայրը նշեց՝ հոգևորականն ամենուր է, իսկ եկեղեցու դռները՝ միշտ բաց.- Միշտ էլ հոգևորականը կանգնած է եղել իր ժողովրդի, իր պետության կողքին: Այսօր ևս հայ կրոնավորը կանգնած է իր զինվորի կողքին՝ խրամատներում, ուղղիչ գաղութներում, ամենուր…Շինարարական մեծ շրջան է սկսվել հիմա, որի վառ ապացույցը Մոսկվայի հայկական եկեղեցին է, և չնկատել այս ամենը և տեսնել միայն թերությունները՝ սխալ է: Այսօր մարտահրավերները շատ-շատ են, մեր բարոյական կերպարի կործանման առումով հուժկու գործեր են կատարվում, բայց հուսով եմ, որ իմաստությունն ու ազգային գիտակցությունը կկասեցնեն այս ամենը:

Մենք աղոթում ենք առ Աստված…  

  • 2013-09-19
×