Հաղորդագրություն. Խաչվերացի տոնը Սուրբ Խաչ եկեղեցում Հայաստայայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 15-ին տոնախմբեց տարվա վերջին տաղավար տոնը` Խաչվերացը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից գլխավորն է: Տոնը նշվում է ավանդական քրիստոնյա բոլոր եկեղեցիներում` ի հիշատակ մեր Տեր Հիսուսի խաչափայտի ազատագրման:
Տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիսապետեց Ներքին Չարբախի Սբ. Խաչ եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագը: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Նարեկ աբեղա Ավագյանն էր: Հավատացյալներին ուղղված իր խոսքում Տ. Նավասարդ Սրբազանը շնորհավորեց տոնի առիթով և ի մասնավորի ասաց. «Սուրբ Պատարագի ընթացքում միասին աղոթք բարձրացրինք, որ Տերը զորացնի մեր սրտի խաչերը: Խնդրեցինք, որ Տերը օրհնի ոչ միայն քարեղեն խաչերը, ոսկե խաչերը, արծաթյա խաչերը, այլ մեր սրտի մեջ զորացնի Սբ. Խաչը` հավատքի խաչը: Աշխարհը խաչի վրա տեսավ մեր Տեր Հիսուսի տարածած թևերը, որ երկարել էր դեպի մարդը: Լույսի արարչագործությունից հեռացած ադամորդիները խաչով վերադարձան դեպի Աստծուն: Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք, խաչակիր չենք: Խաչակիրները պայմանականորեն ենք ասում, քանի որ խաչակիրները խաչը փրկելու ճանապարհին բավական ավերներ գործեցին և խաչի հեղինակությունը որոշ չափով սասանեցին: Իսկ մենք խաչապաշտ ենք. խաչով մաքառել ենք, խաչով հաղթահարել ենք դժվարություններ, խաչի խորհրդով հարություն ենք առել: Մենք Խաչով վերաօծվեցինք Սբ. Ավազանում և այն դարձրինք մեր կյանքի գիրը: Մենք միշտ պիտի հավատանք վերանորոգված հայի տեսակին, որ ոսկեդարյան ժառանգության կրողն է, ով հայոց մթին երկնակամարում սուրբ խաչի լույսը վառեց ` ասելով` եղիցի լույս և եղավ լույս, և լույս տվեց խաչի լուսավոր ճանապարհով»: Սուրբ Պատարագի ավարտին Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տեղի դպրոցի առաջին դասարանցիների օրհնության կարգ: Շուրջ 60 փոքրիկ տոնը խորհրդանշող խաչեր ու գրենական պիտույքներ նվեր ստացավ: Տոնի առիթով եկեղեցու բակում ցուցահանդես էր կազմակերպվել:
Դպրոցի ուսուցիչները ներկայացրել էին աշակերտների նկարներն ու ձեռքի աշխատանքները`գոբելեններ, գծանկարներ, ջրանկարներ, չորացրած մրգերով կոմպոզիցիաներ և այլն:Ցուցադրվում էին նաև երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանի գործերը, որոնք Տ. Նավասարդ Սրբազանի ու մյուս հյուրերի ուշադրությունը գրավեցին: Սրբազան Հայրն օրհնեց Միքայելին` հույս հայտնելով, որ նա շնորհն առավել պիտի ծաղկեցնի ու գործածի հանուն հայրենիքի: Եկեղեցու բակում համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծառատունկ: Նորատունկ ծառուղում առաջին ծառը տնկեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Տոնի հաջորդ օրը`սեպտեմբերի 16- ին, ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, մեռելոց հիշատակի համար բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստյան Սբ. Պատարագ: