Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը.

Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը.

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը Խաչվերացի տոնի առթիվ. 

ԽԱՉՎԵՐԱՑ «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ` աշխարհի համար»: Գաղատացիս Զ 14 Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 15-ին տոնախմբում է տաղավարաց վերջին տոնը` Խաչվերացը: Այն մեր հավատքի խորհրդանշան Սուրբ Խաչի գերեդարձի և պանծացման տոնն է: Սրբազան ավանդությամբ մեզ է հասել Տիրոջ Խաչափայտի գյուտի երկու իրողություն: Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո փրկական Խաչը Գողգոթայում հայտնվում է անխնամ վիճակում: Հետագայում այդ խաչափայտին դիպչող կաղերը, կույրերն ու բորոտները բժշկվում են, իսկ մահացածները` կենդանանում: Հակոբոս Տյառնեղբայրն խաչը վերցնում է իր մոտ, իսկ քիչ ժամանակ անց հրեաներն այն դնում են Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, ապա Տիրոջ գերեզմանի մեջ և վեմով փակում: Օրեր անց Պետրոս առաքյալի միջոցով հավատքի է գալիս Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, ով Իր զավակների հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ, Հակոբոս Տյառնեղբոր հետ այցելում Տիրոջ գերեզմանին, ապա այն մաքրելուց հետո գտնում երեք խաչափայտերը: Հակոբոս առաքյալը` Զեբեդյան եղբայրներից, ով Երուսաղեմի եպիսկոպոսն էր, Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի` առավոտյան և երեկոյան, դուրս է բերում պատվական խաչափայտը, բարձրացնում և ասում. «Խաչի քո Քրիստոս երկիր պագանեմ…»: Ամենանգամյա պանծացմամբ երկրպագվում է Հավիտենական Արարիչը և Փրկիչը` փառավորվելով Իր թաղմամբ և Հրաշափառ Հարությամբ: Ցնծում է երկիրը` տեսնելով բարձրացված Փրկչի նշանը, քանզի այն Կենաց ծառն էր, որ Եդեմական դրախտում դրված էր` իբրև Հավիտենական կյանքի խորհրդանիշ: Ցնծում էր Երուսաղեմը, քանզի տենչալի և զորեղ խաչի բարձրացմամբ սիրո ցոլքերն էին առատանում երկնակամարում: Ցնծում էին բոլորը, քանզի Տիրոջ կենսաբեր մահով վերացվեցին «մահվան երկունքը» և նախաստեղծ Ադամի հանցանքները: Տերունական Խաչափայտի երկրորդ գյուտը և պանծացումն անմիջականորեն կապված է Բյուզանդիայի կայսր Կոստանդիանոսի մոր` Հեղինե կայսրուհու հետ, ով 327 թվականին այցելում է Երուսաղեմ: Երկարատև որոնումներից հետո բարեպաշտ կայրսրուհուն հաջողվում է մատնանշված վայրում` Գողգոթայում, գտնել երեք խաչափայտ` Տիրոջ և նրա հետ խաչված ավազակների խաչափայտերը: Հաջողվում է այդ երեքից առանձնացել Տիրոջ խաչափայտը. մահացած մի երիտասարդի դնում են խաչափայտի վրա, և նա կենդանանում է: Հետագայում Հեղինե կայսրուհին Գողգոթայի վրա կառուցել է տալիս Հարության տաճարը, որտեղ և դրվում է Խաչափայտը: 614 թ. պարսից Խոսրով Բ արքան գրավում է Երուսաղեմը և Խաչափայտը տանում է Պարսկաստան: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը պատերազմում հաղթում է Պարսկաստանին, գրավյալ Տիզբոնից վեր է առնում գերված Խաչափայտը: Սեպտեմբերի 14-ը հռչակվում է գերյալ խաչափայտի ազատագրման օր, որն էլ տոնակատարում են բոլոր քրիստոնյա եկեղեցիները: Ավանդությունից տեղեկանում ենք, որ խաչափայտն ազատագրելու համար մարտնչել է նաև հայկական մի գունդ` նախարար Մժեժ Գնունու գլխավորությամբ: Հայերի մասնակցությունն այս պատմական իրողությանը մեծ հուզականություն և ազգային գունեղություն է հաղորդում Խաչվերացին: Բավական ազդեցիկ ձևով է խոսում այս մասին Շնորհք արք. Գալուստյանը. «Տաղավար տօներուն առհասարակ կապուած են մասնաւոր արարողութիւններ, որոնք կավելացնեն անոր փայլը և ժողովրդականութիւնը: …Ծննդեան տօնին տեղի կունենայ Ջրօրհնեքը: Վերափոխմանը` Խաղողօրհնեքը: Իսկ Խաչվերացի տօնին, եթե ներուի մեզի ծիսական նոր բառ մը կերտել, կը կատարուի Աշխարհօրհնեքը, որ միաժամանակ Խաչի վերացման կամ բարձրացման արարողութիւն է»: Հիրավի, այն Աշխարհօրհներք էր, քանզի հրաշակերտ և զորավոր փայտը գերեվարության երկար ճանապարհ անցնելով` իր շուրջն ամենուր սփռեց հավատք, հաղթություն, սեր ու միրասնականություն: «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ` աշխարհի համար» (Գաղ. Զ 14): Անանձնական սիրո քարոզիչ Պողոս առաքյալի այս խոսքերն առաջին հայացքից անսովոր են թվում, քանզի, իբրև մարդ արարած, այս երկրագնդի վրա պարծենալիք բազում առիթներ ունենք: Ոչինչ այս կյանքում չի կարող պարծանք համարվել. պարծանքը, պատիվն ու ուրախությունը Քրիստոսի խաչն է, խաչափայտի վրա Տիրոջ զոհաբերությունը, որով էլ կատարվեց մարդկության փրկագործությունը: Խաչը համարվել է Քրիստոսի տնօրինական սխրանքի փառապսակը, «պարծանք պարծանցը», քրիստոնյաների լույսը, կույրերի առաջնորդը, մոլորյալներին դարձի բերողը, եկեղեցու հիմքը… Համաձայն Գրիգոր Տաթևացու մեկնության` «Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները, որոնց վրա պետք է տարածենք մեր ներքին մարդուն. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը` խոնարհության, աջը` հնազանդության, ձախը` համբերության»:Արժևորելով աստվածային փրկարար զոհաբերությունը մեր կյանքում, ապրենք սիրով, խոնարհությամբ, հնազանդությամբ և համբերությամբ տոգորված մի կյանք` մեր հոգիներում հավերժ պանծացած ունենալով Քրիստոսի զորավոր խաչի ներկայությունը: Ամեն:

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

  • 2013-09-13
×