Բերիո թեմի նախկին առաջնորդը Սբ. Պատարագ մատուցեց Երևանում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Բերիո թեմի նախկին առաջնորդը Սբ. Պատարագ մատուցեց Երևանում

Բերիո թեմի նախկին առաջնորդը Սբ. Պատարագ մատուցեց Երևանում

Բերիո թեմի նախկին առաջնորդը Սբ. Պատարագ մատուցեց ԵրևանումՍեպտեմբերի 21-ին Արարատյան Հայապետական Թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում Սիրիայի Բերիո թեմի նախկին երկարամյա առաջնորդ գերաշնորհ Տ. Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանի ձեռամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Տ. Սուրեն Սրբազանը Հայաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով` մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին: Սբ. Պատարագին ներկա էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում շեշտեց քրիստոնեության երեք կարևորագույն գաղափարները` սերը, հույսը, հավատը, որոնցով սիրիահայությանը հորդորեց փարված մնալ Հայ Եկեղեցուն, հավատարիմ զավակը լինել Հայաստանի Հանրապետության և երախտապարտ որդին` սիրիական պետության: Նա շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ ղեկավարությանը` սիրիահայության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Պատարագիչ Սրբազանը գոհունակություն հայտնեց Տ. Նավասարդ Սրբազանին` սիրիահայերին հաղորդակցվելու առիթ ընձեռելու և հյուրընկալության համար: Հայաստանի Անկախության տարեդարձը հայաստնաբնակ սիրիահայերի համար արժևորվեց այս իրադարձությամբ ևս, քանի որ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար սա համախմբվելու ևս մի առիթ էր: Սբ. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգիստ` ի հիշատակ Սիրիայում տեղի ունեցող պատերազմի պատճառով զոհված անմեղ նահատակների:

Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան  

  • 2013-09-24
×