Անկախության տոնին նվիրված հոգևոր համերգ

Անկախության տոնին նվիրված հոգևոր համերգ

Սեպտեմբերի 20-ին Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ծխական խորհրդի և հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի Անկախությանը նվիրված հոգևոր համերգ: Համերգին ներկա էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:  Ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան «Շողակաթ» երգչախումբը:

Հավաքվածներին Սրբազան Հայրն իր շնորհավորանքի խոսքերն ուղղեց` մասնավորապես ասելով. «…Անկախությունը ոչ հռչակագիր է, ոչ էլ` որոշում: Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ, որ մեր հոգիներում և էության մեջ հավերժորեն իր կամքն է հնչեցնում… Մենք` վերանկախացած պետականության իրավատերերս, մեր ողջ սերն ու նվիրումն ենք ներդնելու` մեր պապերի երազած, մեր սերնդով սկիզբ առած և մեր ապագայի այս նվիրական գործը հաղթական ավարտին հասցնելու համար:Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր կենսատու օրհնությամբ խաղաղ պահի Հայոց երկնակամարն ու հայրենյաց սահմանները` շնորհելով հայ ժողովրդին աննկուն կամք, ազգանվեր և հավատաշեն ձեռքբերումներ և մեր հանրապետության բարօրության և շենացման համար բարձրագույն գիտակցություն: Ամեն»:

Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան

  • 2013-09-24
×