Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պատգամը՝ խուլերի միջազգային օրվա առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պատգամը՝ խուլերի միջազգային օրվա առթիվ

Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պատգամը՝ խուլերի միջազգային օրվա առթիվ

Հոգեհարազատության անսահման զգացումով պարուրված` միանում եմ ձեր տոնական տրամադրությանը և շնորհավորում այդ առիթով: Առավելապես ուրախալի է, որ հավաքվել ենք մեր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու հարկի ներքո, ուր մեր ողջ էությամբ կարողանում ենք զգալ և հոգու աչքերով տեսնել Աստծուն, քանզի Նրա ներկայությունից է, որ մեր հոգու և մեր գիտակցության մեջ բխում է երջանկության և հոգևոր բերկրանքի աղբյուրը, ցավի և տառապանքի հանդեպ հաղթանակելու զորությունը: Ձեզ ընձեռված է ևս մեկ բարեբաստիկ հնարավորություն. տեր Եսայի քահանայի նվիրական ջանքերի շնորհիվ դուք կարողանում եք հաղորդակից լինել Մայր Եկեղեցու գանձարանի հետ, հասկանալ Սուրբ Պատարագի խորհուրդը, մասնակցել ժամերգություններին և աղոթել` գոհություն հայտնելով Աստծուն` Իր սիրո և շնորհների համար: Սիրելիներ, մեր կյանքում երբեմն լինում են պահեր, երբ ցավն է մղում մեզ շրջվել դեպի Նա… Ցավն է օգնում մեզ մաքրագործվել, հասկանալ հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքները, ցավն է բացահայտում կյանքի իրական և խորը իմաստը և, միաժամանակ, փաստում Աստծո ամենազորությունը: «… որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. ԺԲ 9), - ասում է Աստված Պողոս առաքյալին, ով սա իրապես վկայում է իր եղբայրներին. «Եվ արդ, լավ էլ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը» (Բ Կորնթ. ԺԲ 9): Աղոթենք միասնաբար, որ Աստված շնորհի մեզ այս երկնային մտածումը, որով Աստծո զորությամբ պիտի կարողանանք հաղթանակած դուրս գալ ամեն տեսակի դժվարությունների և փորձությունների ոլորաններից: Ամեն:

  • 2013-09-23
×