Տեր Գրիգորի ասուլիս և ուխտագնացություն 27.09.2013

Տեր Գրիգորի ասուլիս և ուխտագնացություն 27.09.2013

Հանդիպում Վարագավանքի, Աղթամարի Սբ. Խաչի ու Տիգրանակերտի Սբ. Կիրակոսի ուխտավորների հետՍեպտեմբերի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Արևմտյան Հայաստանից վերադարձած ուխտավորների հետ: Հանդիպման առիթը Վարագա Սուրբ Խաչի տոնն էր, որը նշվելու է այս կիրակի: Ուխտավորները այցելել էին Վարագավանք և պատմում էին իրենց տպավորություններից:Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ համայնքի հավատացյալներն արդեն հինգերորդ անգամ են ուխտի գնում Արևմտյան Հայաստան: Հավատացյալները չորս անգամ մասնակցել են Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում, և երրորոդ անգամ` Տիգրանակերտի`այժմ` Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցում մատուցվող Սբ. Պատարագներին:Հանդիպման ընթացքում Տեր Գրիգորը ներկայացրեց Վարագա Սուրբ Խաչի տոնի պատմությունը: Ասաց, որ տոնը Վարագա լեռան վրա Տիրոջ Խաչափայտի մասունքի հայտնաբերմանն է նվիրված: Ըստ ավանդույթի, Տիրոջ Խաչափայտի մի կտոր, որը պահվում էր Սբ. Հռիփսիմե կույսի մոտ, պահ էր տրվել ճնգողների մոտ: Ինչ-որ ժամանակ անց մոռացվել է այն վայրը, որտեղ թաքցրած էր սուրբ մասունքը, և 653թ այն հրաշքով գտնվում է: Այդ վայրում կառուցվում են տասներկու եկեղեցիներ, հիմնվում է վանք, որտեղ էլ դարեր շարունակ պահվել է Խաչափայտի զորավոր ու բուժիչ մասունքը: Բազում տեղափոխություններից հետո այն այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:Տեր հոր խոսքով վանքի եկեղեցիների քարերն աստիճանաբար թուլանում են: Համեմատելով 2008-ի հետ` այժմ մուտքի գեղազարդ կամարը չկա. քանդվել է Վանի վերջին երկրաշարժի հետևանքով: Վանքի եկեղեցիների բանալիները գտնվում են ազգությամբ քուրդ Մահմուդի մոտ, ով նախկինում որպես պահեստ օգտագործվող այս եկեղեցիները փոքր ինչ բարեկարգել է, մաքրել և սիրով է ընդունում հայ ուխտավորներին:Խոսելով իրենց ուխտագնացության մասին` Տեր հայրն ասաց, որ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ տարեցտարի նվազում է ուխտավորների թիվը:-Այս տարի մենք ուխտավորների 26 հոգանց խմբով էինք գնացել, սակայն տուրիստական կազմակերպությունից ասացին, որ Հայաստանից շուրջ 200 ուխտավորներ են մասնակցել: Անցած տարի այդ թիվը շատ ավելի մեծ էր: Անցած տարի մի քանի գործակալություններ էին կազմակերպել ուղևորություններ, իսկ այս տարի միայն մեկին տեսանք: Սփյուռքից էլ եկածների թիվն էլ էր պակասել:Աստված մեզ է վերադարձնում մեր եկեղեցին, և փոխանակ մենք նախանձախնդրությամբ ավելի ու ավելի շատ գնանք, որ թուրքական կառավարությունը տեսնի, որ շատ մարդիկ են ուզում մասնակցել Սբ. Պատարագներին, որ թույլ տան ոչ թե մեկ, այլ բազում անգամներ Պատարագ մատուցել այստեղ: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ Աստծուց տվածը պահենք: Տերը փոքր բան է տվել, որ տեսնի` մենք հավատարիմ ենք, որ հետո ավելի մեծ բան վստահի:

  • 2013-09-28
×