Սբ. Գևորգի տոնը սեպտեմբերի 28-ին է

Սբ. Գևորգի տոնը սեպտեմբերի 28-ին է

Սեպտեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. եկեղեցին նշելու է Սբ. Գևորրգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական Թեմում գործող` Սբ. Գևորգի անունը կրող չորս եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ: Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարձր տնօրինությամբ այդ օրը Սբ. Պատարագի ավարտին կկատարվի Գևորգների, Գևորգյանների ու Ռոմանոսների օրհնության կարգ: Սբ. Գևորգի անունը կրող եկեղեցիներում այդ տոնն ուխտի օր է համարվում և տեղի են ունենում ավանդական տոնախմբություններ: Բոլոր Գևորգներին, Գևորգյաններին ու Ռոմանոսներին սիրով հրավիրում ենք իրենց անվանակոչության օրն այցելել Սբ. Գևորգ եկեղեցիներ, մասնակցել Սբ. Պատարագին ու օրհնություն ստանալ: Արարատյան Հայրապետական Թեմում գործող Սբ. Գևորգ եկեղեցիները գտնվում են Նորագավիթ, Մարմարաշեն ու Կանաչուտ գյուղերում, Մասիս քաղաքում: Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան  Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին: Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում: Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին:

  • 2013-09-27
×