Կոմիտասյան փառատոնի մեկնարկ

Կոմիտասյան փառատոնի մեկնարկ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անց է կացվելու «Կոմիտաս վարդապետ» փառատոնը:  Փառատոնի շրջանակներում Կոմիտասի ծննդյան 144 ամյակի առիթով այցելություն էր կազմակերպվել Կոմիտասի շիրիմին: Այցելուների թվում էին Մեծի Տան Կլիկիո կաթողիկոսության միաբան գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, մաեստրոներ Տիգրան Մանսուրյանը և Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:Տեր Շահեն Կոմիտաս վարդապետի շիրմի մոտ կատարեց հոգեհանգստի կարգ: Հետո նա իր խոսքն ասաց հավաքվածներին, ուր մասնավորապես նշեց. «Ինչպես մեր Մասյաց երկու գագաթները, Մաշտոցն ու Կոմիտասն էլ մեր մշակույթի զույգ գագաթներն են: Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ Ավարայրի ճակատամարտից առաջ ստեղծվեց մեր այբուբենը, որը մեզ դարձրեց հայագիր, հայաբարբառ, և թույլ չտվեց ձուլվել ու անէանալ: Իսկ հայոց ցեղասպանությունից առաջ՝ կրկին ճակատագրական ժամանակահատվածում, հանճարի սրտով հայոց երաժշտությունը մաքրվեց ու անաղարտ մեզ ժառանգվեց: Մենք դեռ սպասում ենք մեր հանճարներին, բայց, հուսով եմ՝ առանց պատերազմի պայթյունի: Հուսով եմ՝ Կոմիտասի հոգին Աստծո մոտ բարեխոս կլինի մեր սերունդների համար, որպեսզի բազմանանք և ծաղկենք»:Կոմիտասի շիրիմի մոտ փոքրիկ համերգ տեղի ուենցավ, որտեղ ելույթ ունեցան Գերմանիայի Համբուգ քաղաքի «Գայանե» երգչախումբը, որտեղ բացի հայերից երգում են նաև գերմանացիներ, և Մոսկվայից ժամանած երգչախումբ:

  • 2013-09-26
×