Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Ըստ ավանդության՝ երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողներ Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին: Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա:

 

 

Աստվածածնի տաճարի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել 18-րդ դարում:

 

 

Աննայի հղիությունից յոթ ամիս և յոթ օր հետո ծնվեց օրհնյալ պտուղը, և նրան անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ, և որով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Նրա ծնվելու համբավը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն: Մարիամի ծնողները ուխտեցին, որ իրենց զավակին ընծայելու են Տիրոջը: Երբ լրացավ Մարիամի ծննդյան առաջին տարին, ծնողները նրան, նվերներով հանդերձ, տարան տաճար Աստծուն ընծայելու: Իսկ երբ լրացավ Մարիամի ծննդյան երրորդ տարին, ծնողները կրկին վերցնելով իրենց հետ ընծաներ տարան Մարիամին տաճար և տվեցին Զաքարիա քահանայապետի ձեռքը: Երբ երեքամյա Մարիամը մտավ տաճար, նա առանց որևէ մեկի օգնության բարձրացավ տաճարի տասնհինգ աստիճաններով, որը տանում էր դեպի մեծ սեղանը, և դրանով բոլորին զարմացրեց: Եվ ամեն տարի Մարիամին այսպես տանում էին տաճար, մինչև լրացավ նրա յոթը տարին: Մարիամը յոթ ամսական էր ծնվել, և յոթ ամսականում դուրս եկան նրա առաջին ատամները: Յոթ ամսականում առաջին անգամ նա քայլեց յոթ քայլ, և յոթ տարեկանում նրան հանձնեցին տաճարին, և նա սկսեց այնտեղ ապրել: Մարիամն արժանապես ընդունող եղավ Սուրբ Հոգու յոթարփնյա շնորհների, զարդարվելով յոթ առաքինություններով: Ամենագով մանուկը բնակվեց տաճարում՝ իբրև անբիծ աղավնի, և աճեց ու զարգացավ հասակով և իմաստությամբ: Յոթ տարի սրբությամբ և աղոթքով Երուսաղեմի տաճարում մնալուց հետո Մարիամը դարձավ Հովսեփի նշանածը, և այդ օրերին ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը: 

 

 

Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք

Ընկալ, Տէր, զաղաչանս մեր՝ բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին անարատ ծնողի Միածնի Որդւոյ քո, եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց, եւ աւուրս շնորհիւ: Լուր մեզ, Տէր, եւ ողորմեա, ներեա, քաւեա եւ թող զմեղս մեր: Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

  • 2021-07-08
×