Հովհաննու Ավետարանը Նոր Կտակարանի վերջին ավետարանն է: Այն հին եկեղեցական ավանդության կողմից անվանվում է ոգեկան այն դեպքում, երբ մյուս երեքը համարվում են մարմնական, քանզի այս ավետարանն ունի առավել խորիմաստ և հոգևոր բովանդակություն:
Եվ իրապես, յուրաքանչյուր ոք, ով ընթերցում է Հովհաննու Ավետարանը կարծես կտրվում է իրեն շրջապատող աշխարհիկ բազում խնդիրներից ու հոգսերից, և խորասուզվում հոգևոր աշխարհի գանձարանում՝ իր համար բացահայտելով մարդկային աստվածատուր կյանքի իրական արժեքները:
Հովհաննու Ավետարանը լոկ Հիսուսի կյանքից վերցված դեպքերի պարզ շարադրություն չէ, այլ Քրիստոսին հավատացող Եկեղեցու ապրումի արտահայտություն և հավատքի վկայություն: Ուստի, հաճախ ստեղծվում է այն տպավորությունը, թե Հովհաննեսն իր Ավետարանում խոսում է ոչ թե իբրև սոսկ անհատ, այլ Եկեղեցու ներկայացուցիչ: Հարկ է նշել, որ Հովահաննու Ավետարանն այնքան էլ փոխկապակցված չէ մյուս երեք ավետարանների հետ: Ըստ երևույթին, այդ տարբերությունները ստիպում են ենթադրել, որ Հովհաննեսի կարծիքով իր ընթերցողները բավական հստակ ծանոթ էին մյուս բոլոր 3 ավետարանների բովանդակությանը, և այդ պատճառով էլ նա շարադրում է մասնավորապես լրացնող և բացատրող տեղեկություններ:
Ավետարանի բովանդակությունը հետևյալն .`
Ա. Առաջաբան
Բ. Նշանների գիրքը
Գ. Չարչարանքի գիրքը
Դ. Հավելված՝ Քրիստոսի հայտնությունները
Դեռևս 2-րդ դարից սկսած՝ Եկեղեցական Ավանդությունը վստահաբար Նոր Կտակարանի չորրորդ Ավետարանի հեղինակությունը վերագրում է Հովհաննեսին: Այս ամենի մասին հստակ վկայում է նաև Իրինեոսը. «Ապա Հովհաննեսը՝ Տիրոջ աշակերտը, այն, որ նրա կուրծքն ընկավ, գրեց Ավետարանը Ասիայի Եփեսոսում գտնված ժամանակ» (Տե՛ս Եվս. Ե 8, 4): Կղեմոս Ալեքսանդրացին նույնպես գրում է. «Իսկ Հովհաննեսը, տեսնելով, որ մարմնական բաները շարադրված են արդեն մյուս ավետարաններում, գրեց վերջում ոգեկան ավետարանը ... » (Տե՛ս Եվս. Զ 14, 7):
Ավետարանի յուրահատկություններից է նաև լեզուն և ոճը, որի երանգը չէնք գտնում Նոր Կտակարանի մյուս հեղինակների գրվածքներում: Իսկ պատմությունները կենդանի են և միաժամանակ ունեն խորը աստվածաբանական բնույթ:
Ավետարանի գրության նպատակն է, որ մարդկանց ցույց տա, որ Հիսուս Մեսիան է, Աստծո Միածին Որդին և աշխարհի փրկիչը, ուստի նրան հավատացող յուրաքանչյուր ոք պետք է փրկվի և վայելի անմահության բերկրանքը . «Այս ամենը գրվեց, որպեսզի հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծու Որդին, և որպեսզի նրան հավատալով՝ նրա անունով հավիտենական կյանք ունենաք» (Ի 31):
Հովհաննու Ավետարանի աստվածաբանական կարևորությունը Ավետարանի հենց սկզբից Քրիստոսի Աստվածությունը հռչակելու մեջ է: Հավատացյալներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություն՝ ճանաչելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը, հատկապես խաչելության, հարության և համբարձման պահին:
Այդ իսկ պատճառով էլ շատ ճիշտ կերպով Եկեղեցու Ավանդությունը և մեր հայրերը արտակարգ մեծ նշանակություն են տվել մարմնացման աստվածաբանությանը, և Արևելյան Եկեղեցին օտար աստվածաբանների կողմից անվանվում է «Հովհաննես Ավետարանչի Եկեղեցի»:
Աղբյուր՝ Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյան. «Ներածություն Նոր Կտակարանի»
Արմեն Չաքմիշյան