Նոր Կտակարանի յոթ գրքերը`Հակոբոսի, Պետրոսի Ա, Բ, Հովհաննեսի Ա, Բ, Գ և Հուդայի նամակները ընդունված է անվանել ընդհանրական նամակներ երկու պատճառով:
Նախ քանի որ ուղղված են ընդհանուր Եկեղեցուն, այլ ոչ թե առանձին համայնքի կամ անհատի (ինչպես Պողոսի նամակները): Դրանցում բացառություն են կազմում միայն Հովհաննեսի Բ և Գ նամակները, որոնք, ինչպես նաև նրա Ա նամակը, դասվել են ընդհանրական նամակների շարքին:
Նամակներին տրվել է ընդհանրական անվանումը նաև այն պատճառով, որ դրանք ընդհանուր ճանաչում են գտել Եկեղեցու կողմից:
Հովհաննու Ա նամակը, 2-րդ դարից սկսած, կոչվել է «ընդհանրական»: Իսկ բոլոր յոթ նամակները միասին առաջին անգամ ընդհանրական են կոչվել Եվսեբիոս Կեսարացու կողմից (Եկեղ. պատմ. Բ 23, 24-25 ):
Հնագույն շատ ձեռագրերում և մի քանի հրատարակություններում այս նամակները դրված են Գործք Առաքելոցից հետո և Պողոսի թղթերից առաջ: Այս պարագայում հավանաբար հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ընդհանրական նամակների հեղինակները ավագությամբ նախորդում են Պողոս առաքյալին:
Սակայն հարկ է նշել, որ այսօր ընդունված է ընդհանական նամակները դնել Պողոսի թղթերից և Եբրայեցիներին ուղղված նամակից հետո՝ Հովհաննու Հայտնությունից առաջ: Այս դասակարգումը առկա է նաև Մուրատորիի կանոնում, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու, Գրիգոր Աստվածաբանի և այլոց երկերում:
Աղբյուր` Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան