«Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս 18:8)
Այսօր Մեծ պահքի հինգերորդ կիրակին է, որ կոչվում է Դատավորի՝ այրի կնոջ և դատավորի մասին առակի խորհրդին համապատասխան (Ղուկաս 18:1-8)։
Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է դատավորին իր ոսոխի դատը տեսնել։ Դատավորը անտեսում էր նրա խնդրանքը: Բայց քանի որ շատ էր հոգնել կնոջ խնդրանքներից, որոշում է ի վերջո դատը տեսնել։ Առակը պատմելուց հետո Տերն ասում է, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով դիմում են իրեն:
Անիրավ դատավորը չէր երկնչում Աստծուց, խիղճ չուներ և տնօրինում էր ամեն ինչ՝ իր շահի տեսակետից։ Սակայն անգամ նա լսեց այրի կնոջ թախանձանքն ու արձագանքեց խնդրանքներին։ Եվ քանի որ Աստված չի հոգնում մեր խնդրանքներից և, առավել ևս, երբեք անարդարորեն չի դատում, նրանք, ովքեր կաղոթեն Տիրոջը, պետք է վստահ լինեն, որ այդ աղոթքը հասնում է Աստծուն և իր արձագանքը ստանում։ Այս առակով Տերը մեզ հորդորում է, «…թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու» (Ղուկաս 18:1):
Առակը վերջանում է Քրիստոսի կողմից հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա » (Ղուկաս 18:8)։ Այս ասելով՝ Նա տալիս է երկրորդ գալստյան գաղափարը, սակայն Նրա բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Արդյո՞ք մարդկությունը կգնահատի ամենն, ինչ տրված է Աստծո կողմից, արդյո՞ք կպահպանի հավատն առ Աստված։
Առակում այրի կնոջ կերպարը մեզ սովորեցնում է անձանձրույթ աղոթել, հավատալ անշահախնդրորեն, իսկ Աստված անպայման կլսի և կարձագանքի մեր աղոթքներին։
Այդուամենայնիվ, Մեծ պահքի հինգերորդ կիրակի օրը ևս մեկ անգամ քննենք մեր հոգին։ Արդյո՞ք միշտ ենք հետևողական մեր ցանկություններում, արդյո՞ք միշտ ենք աղոթում՝ առանց Տիրոջ հասցեին մեղադրանքների, թե նա ուշացնում է մեր ցանկությունների կատարումը։ Աղոթենք Տիրոջը ողջ սրտով՝ չմոռանալով, որ աղոթքը մեր և Աստծու միջև ձգվող կամուրջն է։
Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եւ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. «Թեեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի»: Եւ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»: