Ոչ թե մարտի, այլ խաղաղության զինվորներ

Ոչ թե մարտի, այլ խաղաղության զինվորներ

Առօրյա կյանքում, երբ զբաղված ենք մեր հերթական խնդիրների լուծմամբ, երբևէ չենք մտածում, որ մեր ունեցած ամենակարևոր արժեքը խաղաղությունն է, որի համար պետք է պայքարել, և որի համար ամեն վայրկյան պայքարում են մեր զինվորները։ Առօրյայով տարված, միայն մեր Եսը տեսնելով՝ երբևէ մեր մտքով անցնո՞ւմ է արտաքին թշնամու գոյությունը, որի ներկայության պարագայում տեղի են ունենում շատ վերարժևորումներ։ Դրանցից է, օրինակ, այն, երբ մարտի պահին գոյություն չունի ներքին թշնամի, ներքին պայքար, ողջ ուժերը կենտրոնացած են միայն արտաքին պայքարում հաջողության հասնելու համար։ 

 

Ինչո՞ւ միշտ չլինել այդպիսին։ Քանի որ միշտ չէ, որ գերադասում ենք խաղաղությունը, այլ մշտապես ընտրում ենք կռիվը՝ հաղթանակի համար։ Կարծում ենք, թե մեր ընկերոջ, բարեկամի դեմ դուրս գալով և նրան հաղթելով՝ դառնում ենք ավելի ուժեղ։ Չենք գիտակցում սակայն, որ այդպիսով ընտրում ենք հեշտ ուղին, որի վերջնակետը բարիքը չէ։ 

 

Լեռան քարոզի ինը երանիների շարքում հնչում է նաև այս մեկը․ «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9)։ Այո՛, հեշտ է լինել կռվի մարտիկ, սակայն բարդ է խաղաղության զինվոր լինելը։ Պատերազմել կարող են բոլորը, խաղաղության գինը, սակայն, քչերը գիտեն։ Պատերազմելու, կռիվ հրահրելու համար մեծ ջանք չի պահանջվում, սակայն խաղաղություն հաստատելն ու պահպանելը պահանջում է մեծ ճիգեր։ Անշուշտ, խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղաղության և ընդհարումների մասին է։ Այս է բարդ ուղին, որի վերջնակետը բարիքն է՝ խաղաղությունը։


Խաղաղությունը, որ փլուզվում է մեկ կրակոցով, անգամ մեկ խոսքով, վերականգնելու համար պահանջում է հսկայական ջանք, քանի որ այն ընտրություն է և գիտակցություն։ Ով չունի սեր, չի կարող ունենալ կամ հաստատել խաղաղություն։ Խաղաղությունը մեկ անգամ ձեռք բերովի չէ, այն կարիք ունի մշտական հոգածության։

 

Հայ ժողովուրդն այսօր էլ, ինչպես ողջ պատմության ընթացքում, ընտրում է խաղաղությունը, քանի որ գիտի, թե ինչ է պատերազմը։ Քանի որ խաղաղարար է և սիրում է խաղաղությունն այնքան, որ դարեր շարունակ մարտի է դուրս գալիս՝ հանուն դրա։ 


Աղոթք խաղաղության
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

  • 2022-02-08
×