«Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձիր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի…»:
(Առակաց 6։ 6)
Երբ մեր կյանքում տեղի է ունենում որևէ անցանկալի իրադարձություն, կարծում ենք, թե այն մեր կատարած սխալ քայլից է: Օրինակ` ցածր եմ գնահատվել, քանի որ վատ վարք էի դրսևորում դասերի ժամանակ: Մինչդեռ նման դեպքերի մի մասի դեպքում անցանկալին գալիս է ոչ թե կատարածից, այլ չկատարածից: Եվ ստացվում է, որ մեր ցածր գնահատականը ոչ այնքան մեր վարքից է, որքան դասերը չսովորելուց՝ ծուլությունից:
Բերված օրինակն այնքան էլ վճռորոշ չէ մեր կյանքում, այն անգամ հնարավոր է շտկել, սակայն երբեմն մեր ծուլությունը կարող է ավելին արժենալ, քան մեկ գնահատականը` հասնելով մինչև անգամ մարդու առողջության և կյանքի համար վտանգի:
Ի՞նչն է, ուրեմն, ծուլության հիմքում: Երբ մարդ լավ չի ճանաչում իրեն, չի փորձում լուծել ինքնաճանաչման խնդիրը, հեռանում է նաև աշխատանքից` չփորձելով փոխել որևէ բան:Այդպիսով` գործում է ծուլության մահացու մեղքը: Ծուլությունն, իրավամբ, սպանում է մարդուն, սակայն միաժամանակ նրան հեռացնում է նաև Աստծուց, առաքելությունից և հնարավորությունից, որ Աստված տվել է նրան: Մարդ գործածում է իր ունակություների չնչին մասը, արդյո՞ք այդ էլ ծուլությունից չէ: Մարդ շարունակ կարիք ունի արդարացումների, արդյո՞ք դա էլ ծուլությունը թաքցնելու նշան չէ:
Միաժամանակ մարդ քաջ գիտակցում է, որ ծուլությունը մեղք է, և, այնուամենայնիվ, գնում է դրան: Սակայն ինչպե՞ս, ի՞նչ քաջությամբ ենք ինքներս մեզ ազատում բարիք գործելու, արարելու հնարավորությունից: Ինչպե՞ս ենք հետագայում վարվելու՝ հետադարձ հայացք նետելով անցյալին: Զղջալո՞ւ ենք և ներում հայցենք Աստծուց, թե՞ կրկին փնտրելու ենք արդարացումը մեր չարածի: Արդյո՞ք ամենակարող Աստծուց ներում ստանալու դեպքում ետ կբերենք ամենաթանկը` ժամանակը, արդյո՞ք կունենանք հնարավորություն՝ ետ բերելու տրվածը, գործելու: Մեզ չե՞ն սթափեցնում Աստվածաշնչի վկայությունները. «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13։4)։
Երբեմն ցուցաբերում ենք նաև հոգևոր ծուլություն. զլանալով աղոթել, չենք զլանում դժգոհել Աստծուց, ինչո՞ւ ոչ, երբեմն անգամ Նրան մեղադրել ծուլության մեջ: Սակայն ընդամենը մի փոքր գործելով, մտածելով, ընդունելով մեր իսկ ծուլությունը, բռնում ենք այն հաղթահարելու ուղին` չընկնելով մահացու մեղքի մեջ: Աղոթելով և բարիք գործելով բուժվում ենք ծուլություն կոչվող մահացու աղտից, որ չափազանց հեշտ է բույն դնում մեր հոգիներում, սակայն վերանում է` շնորհիվ երկարատև աշխատանքի․ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից, մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և ահա աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ կկանգնի դռանդ» (Առակաց 6։9-11)։