Ժուժկալությունը քրիստոնեական ամենաերանելի առաքինություններից մեկն է, որ խորհրդանշում է մարդու ճշմարիտ հեզությունն ու չափի զգացում ունենալը։ Ավաղ, հատկապես ներկայիս գերժամանակակից պերճանքների և գայթակղությունների ժամանակաշրջանում, մեզանից քչերին է հաջողվում պահպանել մարդկային այս ազնվագույն հատկանիշը։
Մեզանից շատերն այսօր ընկել են ագահության հորձանուտը և տրվել աշխարհի բազում գայթակղություններին՝ մոռանալով հոգևոր արժեքների կարևորության մասին: Ինչպե՞ս պիտի փրկվեն նրանք, եթե ոչ ժուժկալությամբ։
Ժուժկալությունը, ինչպես և քրիստոնեական մյուս բոլոր առաքինությունները, նախևառաջ մարդկային որակ է և ապրելակերպ, որ դրսևորվում է Քրիստոսով պայծառակերպված անհատի կյանքում: Երբ մարդ ժուժկալ է, նա այդպիսին է յուրաքանչյուր հարցում՝ թե՛ նյութական արժեքների և թե՛ մարդկային փոխհարաբերության:
Մեր կյանքը, կենցաղը դասավորելիս՝ պետք է իմանանք նաև, որ Աստված ամենևին դեմ չէ նյութական բարեկեցիկ վիճակին, հարստությանը, ուրախությանը և Իր իսկ պարգևած բարիքները վայելելուն: Սակայն Աստված չի ցանկանում, որ մարդը նյութի ստրուկը դառնա, իր կյանքի իմաստը փնտրի նյութական աշխարհում՝ կարծելով, թե իրերի առատությունն է իրեն երջանիկ դարձնելու:
Պետրոս առաքյալն ասում է, որ Աստված մեզ շնորհել է կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ Իր աստվածային բնությանը հաղորդակից լինելու և այս աշխարհի ցանկություններից ու ապականություններից հեռու մնալու համար: Դրա համար մեծ ջանք է պահանջվում մեզանից, որպեսզի հավատով առաքինություն ձեռք բերենք , առաքինությամբ՝ գիտություն , գիտությամբ՝ ժուժկալություն , ժուժկալությամբ՝համբերատարություն, համբերությամբ՝աստվածապաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն , եղբայրասիրությամբէլ՝ սեր (տե՛ս՝ԲՊետրոս 1:3-11):
Արմեն Չաքմիշյան