Ժողովրդական ասացվածքն ասում է՝ այսօրվա գործը վաղվան մի թող: Այսօր, երբ պահն օրհասական է, և բոլորս գտնվում ենք նույն բարդ իրավիճակում, ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչո՞ւ հետաձգեցի շատ գործեր: Իսկապես, ինչո՞ւ է մարդ արարածը հակված այդքան հետաձգելու իր գործերից շատերը, չարտահայտելու զգացմունքները: Պատասխանը պարզ է՝ քանի որ դեռ չի առերեսվել կյանքի անցողիկ լինելուն, դեռ այդքան մոտ չի եղել գիտակցմանը, որ երկրային կյանքում անցկացրած ժամանակը կարճ է:
Մենք բոլորս գիտենք՝ քիչ ժամանակ ունենք, սակայն դրա հետ որպես փաստ առերեսվելիս հայտնվում ենք վատ իրավիճակում՝ ափսոսելով մեր չարածի համար: Այսպիսով՝ ընդունենք մեր մեջ այն միտքը, որ գործելու պահը հիմա է:
Հնարավոր է՝ երբեք չունենանք առիթը կրկին ասելու մեր զգացածի ու ապրածի մասին, հնարավոր է՝ այլևս երբեք չտեսնենք մեր սիրելիներին, չունենանք առիթը նրանց հետ զրուցելու: Հնարավոր է՝ գործելու ժամանակ չլինի, այլևս ապարդյուն լինի գործելը:
Պետք է ապավինենք Տիրոջը, և այսուհետ, երբ ավարտվի այս պատուհասը ևս, խնդրենք Տիրոջից մղել մեզ ոչ միայն պարզապես բարին գործելու, այլ բարին գործելու ճիշտ ժամանակին: Խնդրենք և հուսանք, որ այլևս չենք ունենա այնպիսի օրեր մեր կյանքում, երբ կափսոսենք մեր չգործած արարքների և չասված խոսքերի համար:
Աստվածաշունչն արդեն իսկ մեզ սովորեցրել, որ բարին գործողը բարին կստանա: Ուստի՝ մեր աղոթքներում խնդրենք Տիրոջը, որ մշտապես ուղղորդի մեզ բարին գործելու ոչ միայն այս ծանր պատերազմական դրությունում, այլ մշտապես, հետագայում ևս, երբ պետք է միավորվենք և լծվենք այս անգամ ոչ թե հայրենիքի պաշտպանության, այլ շենացման գործին:
«Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24)․- մեր խնդրանքներն առ Աստված ուղղելիս հիշենք այս պատգամը ևս: Ապրենք այնպես, որ արժանի լինենք մեր խնդրանքների իրականացմանը և գործենք. պահը հիմա է: