«Աստծո եկեղեցիների մեջ մենք ձեզանով ենք պարծենում. այն համբերության և հավատքի համար, որ դուք ցուցաբերեցիք ձեր կրած բոլոր հալածանքների և նեղությունների մեջ»:
Բ Թեսաղոնիկեցիս Ա 4
….405: Հաղթանակի թվական, որ մեր օրացույցների մեջ նշված է իբրև «Տոն ազգային և եկեղեցական»:
Այդ հաղթանակի կերտիչներն են մեր թարգմանիչները, Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Սահակ Պարթև Հայրապետ, Հովսեփ Հողոցմեցի, Եղիշե Վարդապետ, Եզնիկ Կողբացի Եպիսկոպոս, Հովսեփ Պաղնացի, Հովնան Եկեղեցացի, Ղևոնդ Երեց և Կորյուն Սքանչելի վարդապետներ, Մովսես Քերթողահայր Եպիսկոպոս, Դավիթ Անհաղթ Փիլիսոփա վարդապետ և դեռ շատ ուրիշներ:
Մեր մշտական հերոսներն են մեր թարգմանիչները, որոնց մեջ տեսնում ենք.
1) Աստծո խոսքի ճշմարիտ աշակերտներին
Նրանք Աստծո մարդ եղան ՝ նախքան ժողովրդի մարդ լինելը: Ոչ միայն սերտեցին ու սովորեցին, այլ յուրացրին և ապրեցին Աստծո խոսքը՝ Աստվածաշունչ Մատյանը: Այն յուրացրին այնպես, որ նրա տողերի միջով Աստված իրենց հետ հայերեն սկսեց խոսել, և նրանք էլ այդ կենդանացուցիչ հայաբարբառ ձայնը ցանկացան հայերենով արձանացած տեսնել մագաղաթի վրա… Եվ այդպես դարձան հավատքի լույսի հրավառ ջահերը, Աստծո լույսի բարձր աշտանակները, ճրագարանները:
2) Ճշմարիտ ուսուցիչները
…Աստծո Խոսքի ճշմարիտ աշակերտները եղան նաև ճշմարիտ ուսուցիչները: Անլույս էր Հայաստան Աշխարհը. մտքի, հոգու և սրտի լույս էր պետք պարգևել: Եվ ճշմարիտ գիտությունը ճանաչած մեր սքանչելի հայրերը այդ գիտությամբ պայծառակերպ նորոգեցին մեր երկիրը՝ այն ողողելով հայախոս ու հայագիր դպրոցներով՝ մեր զավակներին սնուցելով «Բանի» քաղցրությամբ, արբեցնելով լույսի գինով:
3) Ճշմարիտ հեղափոխականները
…Մեր թարգմանիչ վարդապետները խավարի մեջ լույսը տեսնողներ չեղան միայն, այլ եղան նաև լույսով սնվող և լույսի տարածման համար ամեն տեսակի զոհողություն հանձն առնող մարդիկ, ապագայի մասին խորհող, ապագան իրենց մտքի մեջ պայծառորեն գծագրող, և այդ ուղղությամբ համապատասխան ծրագրում կատարող մարդիկ, որոնք որևէ արգելքի դիմաց կանգ չառան՝ իրագործելու համար իրենց լուսեղեն տեսիլքը: Սրանով իսկ հեղափոխեցին հայ կյանքը, հեղափոխեցին մեր պատմությունը:
Զինեցի՛ն հայ հոգին, վառեցի՛ն հայի ազգային գիտակցությունը, իր արժեքների հպարտությունը տվեցին նրան, և նրա արյան մեջ ներարկեցին հավերժության պայքարի ու հաղթանակի վստահությունը:
4) Ճշմարիտ նորարարները
Թարգմանչաց սերունդով և աշխատանքով Հայոց Պատմության մեջ նոր դարաշրջան բացվեց: Նրանք նորոգեցին մեր կյանքն ու պատմությունը, բաժանման որոշակի լուսագծով սահմանազատեցին հինն ու նորը, անգիր գրականության և նորագիր դպրության ժամանակաշրջանները, նախա-Մեսրոպյանն ու Մեսրոպյանը: …Նրանք մեր լեզուն արձանացնելով և գրի ճամփով բյուրեղացնելով՝ պայքարի զենք ու միավորիչ հզոր շաղախ պարգևեցին հայությանը:
Թարգմանչաց խիզախումը և նվաճումը կմնան հավերժ ուսանելի և օրինակելի, և նրանց հիշատակը՝ հավետ օրհնելի:
…Մինչդեռ հայ կյանքը պետք ունի ճշմարիտ նորոգության, և դրա համար ճշմարիտ հեղափոխականների պետքն ունի: Պետք ունի Լույսին և Ճշմարտությանն աշակերտած և հավատացած նոր ուսուցիչների, նոր թարգմանիչների, որոնք կկարողանան արթնացնել և լուսավորել ընդարմացած հայ միտքը, որոնք կկարողանան ամենօրյա մեր կյանքի մեջ ժամանակի ոգին ճշմարտապես, ազգախոս լեզվով թարգմանել, այդ կյանքը նորովի հեղաշրջել, հեղափոխել, նոր ժամանակին համապատասխան նոր, բայց ճշմարիտ դիմագիծ տալ և շաղախիչ նոր ու հզոր մի հրաշքով վերստին միավորել հայության կոտորակյալ հատվածները:
Զարեհ արքեպիսկոպոս ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ