Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մի գեղեցիկ զույգ պսակադրվեց՝ այս կերպ ցույց տալով ապրելու և հաղթելու իրենց հզոր պատրաստակամությունը:
-Եղբայրս հիմա սահմանն է պահում, ու մենք էլ պետք է ցույց տանք, որ ապրելով ենք հաղթում պատերազմը: Վաղուց էինք պլանավորել այս պսակադրությունը: Այնպես էինք նախատեսել, որ նա մեզ հետ լիներ, սակայն չկարողացավ: Բայց պարտադրեց, որ չհետաձգենք մեր պսակը,- պատմում է նորապսակ Սաթենիկ Եղիազարյանը: Սաթենիկը մասնագիտությամբ լրագրող է, ամուսինը՝ Կարապետ Մանուկյանը, իրավաբան: Չնայած որ ուշի-ուշով հետևում են սահմաններում տեղի ունեցողին, այսօր պսակադրվեցին` Կարապետն ամեն վայրկյան պատրաստ է ինքն էլ միանալ մեր հաղթանակած բանակին:
-Բացի եկեղեցու պսակից այլ բան չենք անելու: Մեզ համար միայն օրհնությունն է կարևոր: Ամեն մի նոր ընտանիք ուժեղացնում է պետությունը: Այն պետությունը, որը հենց հիմա եղբայրս ու իր ընկերները պաշտպանում են: Մենք այսպես ուժեղ լինելով` պիտի սատարենք սահմանին կռվողներին: Սերը հզոր զենք է, ու սիրող սրտերը պետք միանան ու ամուր ընտանիքով ամուր պետություն պահեն: Նորապսակներին իրենց զարմիկները հետաքրքիր մի նվեր էին պատրաստել, որ չէին շտապում նվիրել: Ապագա զինվորները իրենց ուղղաթիռը պատրաստել են, ուղարկելու են Արցախ՝ տեսնեն, թե որտեղ է պետք օգնել, որտեղ կա թշնամի` դրանց խփեն... Հետո ուղղաթիռը կտան նորապսակներին: Այսպիսի ազգը հաղթանակից բացի այլ ընտրություն չունի:
#Հաղթելուենք
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին