Քրիստոնեության ապրեցնող ուժը

Քրիստոնեության ապրեցնող ուժը

Մեզանում շատ կարևոր է քրիստոեական դասիարակություն ստանալը և նույն ոգով նաև մեր երեխաներին դաստիարակելը։ 

 

Իմ հիշողության մեջ շատ վառ են այն դրվագները, երբ տատիկս ձեռքիցս բռնած տանում էր՝ մասնակցելու Ս․ Պատարագների։ Գիտեք, թվում է՝ հինգ տարեկան երեխան չի կարող ընկալել այն ամենը, ինչ տեսնում է եկեղեցում, բայց հավատացեք՝ այդպես չէ։

 

Ամեն կիրակի ես սպասում էի, որ եկեղեցի պիտի գնամ ու տատիկիս  հետ միասին աղոթեմ, մոմ վառեմ։ Հիշում եմ՝ երբեմն բառերը մոռանում էի, կիսատ ասում, բայց այդ կիսատության մեջ անգամ ես շարունակում էի իմ աղոթքը տեղ հասցնել։

 

Երբ գիտակցական տարիքում էի գտնվում, հասկացա, որ Եկեղեցին այն վայրն է, որտեղ ինձ շատ հանգիստ եմ զգում ու ապահով։ Ու այդ ամենը՝ շնորհիվ այն մարդու, ով սովորեցրեց ճանաչել Աստծուն, տեսնել ու փնտրել  Նրան ամենուր։

 

Երջանիկ մարդ եմ հավանաբար, որ կարողացել եմ Աստծուն շատ մոտ լինել դեռևս մանկությունից, գուցե շատ բան չեմ հասկացել հավատի մեջ, այնպես, ինչպես հիմա եմ ընկալում, բայց ժամանակ էր հարկավոր, որպեսզի գիտակցեի այն հավատի դերը, որը ինձ ապրեցնում է այսօր։

 

Տարիներ անց կորցրի տատիկիս, ցավոտ զգացում է մինչև այժմ էլ, բայց գտա Աստծուն՝ հենց նրա շնորհիվ։ 

 

Երբ շուրջս եմ նայում, տեսնում եմ, շատ ծնողներ ապրում են աշխարհիկ կյանքով, սակայն պահանջում են, որպեսզի իրենց երեխաները նվիրված քրիստոնյաներ դառնան: Այդպես չի լինում: Եթե ինքդ չես կարդում Աստվածաշունչ և հոգևոր կյանքը քեզ համար այդքան էլ առաջնային չէ, ի՞նչ կարող ես ակնկալել երեխայից: Եթե ցանկանում եք ձեր երեխաներին դաստիարակել քրիստոնեական ոգով, ուրեմն՝ դարձեք օրինակ նրանց համար, և հավատացած եղեք, որ ձեր ձգտումը և փափագը Աստծո խոսքի հանդեպ չի վրիպի երեխայի աչքից:

  • 2022-02-08
×