Անմահության ուղին

Անմահության ուղին

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը։

 

 

Սուրբ Գայանեն՝ քրիստոնյա 37 կույսերից մեկը և Հռոմի Սուրբ Պողոս վանքի մայրապետը, ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Կայսրը, լինելով հեթանոս, հալածում էր քրիստոնյաներին: Բացի այդ, նա նաև ցանկանում էր կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չհամաձայնեց դառնալ նրա կինը։ Կույսերը փախչելով ապաստան գտան Հայաստանում՝ Վաղարշապատի մոտ գտնվող հնձաններում, որտեղ Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքը ցանկացավ կնության առնել Հռիփսիմեին: Հռիփսիմեին բերեցին պալատ, նրա հետ նաև Գայանեն եկավ, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել: Սակայն Տրդատն այդպես էլ չկարողացավ տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և այդպիսով հրամայեց սպանել բոլոր կույսերին:

 

 

Չարչարանքների մատնվեց նաև Գայանեն։ Եվ քանի որ այս պատմությունը տեղի էր ունենում Վաղարշապատում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելուն նախորդող օրերին, Գայանեի, ինչպես նաև մյուս կույսերի մարմինները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ինքն ամփոփեց տապանի մեջ և կնքեց արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով:

 

 

Հետագայում հենց այդ վկայարանների տեղերում կառուցվեցին  Սուրբ  Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները: Այս եկեղեցիները կանգուն են մինչ այսօր, դրանք նվիրական ուխտատեղիներ են յուրաքանչյուր հավատացյալի համար։

 

 

Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ, իսկապես, փշոտ է հավատքի հաստատման ճանապարհը։ Դեռևս դարերի խորքից եկող պատմությունները ևս ապացույցն են այն բանի, որ քրիստոնյայի ճանապարհը բնավ հեշտ չէ, այլ անցնում է մաքառումներով ու պահանջում զոհեր։ Երբեմն այդ զոհողությունը վերածվում է ինքնազոհության, ինչո՞ւ։ Նախ  քանի որ հոգին է անմահ, ապա նաև քանի որ գոյություն ունեն մարմնից առավել գերադասելի արժեքներ։ Ահա, այդպիսի արժեքներից է նաև հավատքն առ Տերը։ Եվ նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, պատրաստ են նաև դժվարությունների և կորուստների, քանի որ նրանց արդեն հայտնվել է կարևորագույնը՝ Աստված։

 

 

Այսպիսով՝ փորձությունների միջով անցնելիս խորհենք նրանց մասին, ովքեր ընտրություն կատարելիս բռնեցին անմահության ուղին՝ վերանալով իրենք իրենցից։

 

 

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

  • 2022-02-10
×