Կյանք՝ հանուն նոր կյանքերի

Կյանք՝ հանուն նոր կյանքերի

Երբեմն շատ բան է լինում ասելու, բայց բառեր չես գտնում, ամեն մի տառ արտաբերելիս՝ կոկորդդ սեղմվում է, թվում է՝ շուտով սեփական բառերիցդ կխեղդվես։ Ցանկանում ես գոռալ, որ հոգիդ հանդարտվի, ներսումդ կուտակված ցավը թեթևանա, բայց հասկանում ես, որ անկարող ես։  Անկարող ես, որովհետև երկար ժամանակ լռությանդ մեջ թաղել ես ամենակարևոր խոսքերը՝ հետո ասելու ակնկալիքով, բայց, ավաղ, այդ ժամանակը այդպես էլ չես գտել, գտնելիս էլ արդեն կորած է եղել հույսդ, հավատդ, պայքարելու մեծ տենչդ։

 

Գուցե շատ ցավոտ բան եմ ասում, բայց ապրեցինք մի ժամանկահատված, երբ մեր կողքիններից շատերն իրենց կյանքը տվեցին՝ հանուն մնացածների կյանքի շարունակության: Ու այս ամենից հետո, մեր ուսերին դրվեց մի մեծ պատասխանատվություն՝ ապրել ոչ միայն մեր փոխարեն, այլ նաև նրանց, որ դեռ շատ անելիքներ ունեին:

 

Շատ երկար կարելի է մտածել այս մասին՝ ինչպե՞ս ապրենք, որ արժանի լինենք նրանց հիշատակին, նրանց չապրած կյանքին։  Ինչպե՞ս արժանի լինեք այն հերոսներին, ովքեր կիսատ թողեցին իրենց երազանքներն ու նպատակները, ապրելու մեծ ցանկությունը, սիրելու ու արարելու ձգտումը։

 

Իրականում, մենք երբեք էլ չենք կարող ապրել նրանց փոխարեն, բայց մի բան հաստատ կարող ենք՝ ծնունդ տալ նոր կյանքերի:  Եկող սերունդն է, որ  պիտի ապրի հերոսացած կյանքերի ու նրանց կատարած սխրագորոծությունների գիտակցմամբ:  Նրանք գիտակցելու են, որ  աշխարհ եկան՝ շնորհիվ այն հերոսների, ովքեր ցանկացան, որ կյանքը շարունակվի՝ թեկուզ և առանց իրենց։ 

 

Երազանքս այսուհետ մեկն է՝ ապրենք ամեն վայրկյանի մեջ մեծ իմաստ դնելով, ամեն վայրկյան նրանց մեր մտքում և հոգում ունենալով և, ի վերջո, ամեն վայրկայն աղոթելով և ապաշխարություն հայցելով:

  • 2022-02-08
×