«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը գրող, մանկավարժ, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Ֆրանկոֆոնիայի բաժնի վարիչ Նարինե Ավագյանն է:
-Կյանքը պատերազմից հետո զգալիորեն փոխվել է: Ինչպե՞ս շարունակել ապրել, ստեղծագործել, արարել: Ո՞րն է դեղատոմսը, և ազգի ապաքինման ճանապարհին որքանո՞վ եք կարևորում գեղարվեստական գրականության դերը:
-Իրավամբ, յուրաքանչյուր գիտակից մարդու կյանք բաժանված է երկու փուլի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Լավատես, կյանքը սիրող, դրա ամեն ակնթարթը վայելող մարդն անգամ այս պահին իրեն լիաթոք կայացած չի զգում ոչ մի հարթակում: Բոլորիս ներսում տրոփում են չապրած գարուններ, հայրենասեր աչքեր, որոնք հաղթանակի ակնկալիքով խառնվեցին մայր հողին: Այս հողը հիմա ավելի սուրբ է, ավելի թանկ: Չեմ համարում, որ տղերքը պարտվել են: Եվ քանի որ ինձ համար նրանք հաղթանակ կերտողների բանակ են, իսկ նրանցից հետո գալիս են իրենց նմանները, ո՛չ որպես գրող, ո՛չ որպես մանկավարժ՝ իրավունք չունեմ զենքս վայր դնելու, գլուխս կորցնելու և թույլ տալու, որ գալիք սերունդը խարխափի մթան մեջ: Հայ զավակի շարունակական լինելու գաղափարը ստիպում է ինձ առաջ շարժվել, նայել միայն առաջ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ես րոպե անգամ չեմ զգում իմ ներսում տրոփող սրտերը:
Գրականությունը միշտ մաքրող պիտի լինի: Եթե անգամ այն համեմված է իրական փաստերով, որոնք նույնպես կարևոր են, քանի որ գրողն է այն մարդը, որ փոխանցում է եղելությունը գալիք սերունդներին, միևնույնն է՝ չեմ ընդունում լացկան գրականությունը, նրան միշտ պատկերացնում եմ ուժեղ, սատարող և զուլալ:
-Անփոխարինելի է գրո՞ղը, թե՞ գիրքը…
-Գիրքը գրողի հոգեզավակն է: Նրանք սերտաճած են. մեկի չլինելը բացառում է մյուսի գոյությունը, եթե իհարկե «գիրք» ասվածի տակ միայն թղթային տարբերակը նկատի չունենք: Ինձ համար թղթի վրա գրվածն անփոխարինելի է, բայց այսօր չենք կարող չընդունել, որ ունենք կարդացող երիտասարդներ, որոնց բավարարում է նաև համացանցը: Գրականություն կերտելու համար գրողը պիտի հավերժ ներկա լինի:
-Ինչպիսի՞ն է երջանկության Ձեր ընկալումը:
-Երջանկությունը որպես հարատև իրողություն չեմ պատկերացնում: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան երջանիկ պահեր, որոնք ուժ են տալիս նաև շարունակել ապրել՝ լուծելով ընթացիկ խնդիրներն ու դժվարությունները: Երջանկությունը ինձնից ներս եմ պատկերացնում: Այն ներքին զգացողություն է, որ ապրեցնում է և՛ քեզ, և՛ քո շրջապատին: Երջանկանալ կարելի է մանրուքներից անգամ, միայն թե մարդն ունակ լինի գնահատելու իր ունեցածը: Ամեն լավ բանի հիմքում սերն է, և ամեն չարիք ծնվում է նրա բացակայությունից:
-Որպես օրինակելի ընտանիքի կին և երեք չքնաղ դուստրերի մայր՝ որքանո՞վ եք կարևորում հայկական ավանդական ընտանիքի դերը, և ո՞րն է հատկապես կնոջ առաքելությունը:
-Լինելով արմատներով գյումրեցի՝ ընտանիքում խիստ կարևորում ենք հայկական գեղեցիկ ավանդույթներն ու ծեսերը: Զավակներս դրանց մասին ոչ թե պարզապես լսել են, այլ ապրում են այդ միջավայրում, հետևաբար ինքներդ պատկերացրեք՝ որքան ենք ամուսինս ու ես կարևորում գեղեցիկի փոխանցումը մեզ շարունակողներին: Բայց դա բոլորովին չի նշանակում, ինչպես ոմանք են կարծում, հնացած հայացքներ: Մենք պարզապես գտել ենք ձևը՝ համատեղելու ավանդականը ներկայում գործող և ընդունելի բարքերի հետ, փորձում ենք հասկանալ մեր երիտասարդ զավակներին, ինչու չէ՝ նաև երբեմն սովորում ենք նրանցից: Ներդաշնակությունը բխում է երկկողմանի դինամիկայից, այսպիսով նրանք հասունանում են, մենք՝ երիտասարդանում: Ինչ վերաբերում է կնոջ առաքելությանը ընտանիքում, կասեմ հետևյալը. շղթայի գործունեությունը ծավալվում է ամբողջականության մեջ, բայց նրա երեք օղակներից կարևորը մեջտեղինն է, քանի որ առանց դրա չի լինի շղթան, կլինեն առանձին օղակներ: Կինը ընտանիքի կայացման գործում հենց այդ մեջտեղի օղակն է:
-Ի՞նչ է այսօր պակասում մեր հասարակությանը:
-Հայ հասարակությունը, և ոչ միայն հայ, այսօր կարիք ունի սիրո, հավատի, լավակամության: Հենց գիտակցենք, որ դիմացինին հարկավոր է վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ վերաբերվեին, բազում խնդիրներ կստանան իրենց լուծումները: Մասնավորապես հայերիս այսօր նաև լավատեսությունն է պակասում, թևաթափ ենք ու կոտրված, բայց չպիտի մոռանանք մեջքը շտկելու, ուժեղ լինելու մասին, իսկ դա հնարավոր է միայն սեփական սխալները գիտակցելուց և շտկելու փորձեր անելուց հետո:
-Ձեր մաղթանքը՝ մեր ընթերցողին…
-Ուզում եմ՝ յուրաքանչյուր հայի ընտանիքում շատ զավակներ ծնվեն, որոնք կվայելեն իրենց անհոգ մանկությունը, կստանան որակյալ կրթություն, կլինեն իրենց հայրենիքի արժանի տերերը, ամուր կկանգնեն այս հողի վրա այնպես, որ հողն իրենց զգա, իսկ իրենք՝ հողի զորությունը, կապրեն, կարարեն իրենց հայրենիքում, կունենան հաղթողի հոգեկերտվածք: Այս ամենն ուզում եմ տեսնել նաև իմ զավակների ընտանիքներում:
Պատրաստեց
Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ