Մարգարեական այս խոսքերը վերաբերում են Քրիստոսի Ծննդյանը և առիթ տալիս մտորումների։
Իբրև մանուկ Հիսուս ծնվեց Սուրբ Հոգով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից։ Հիսուս Քրիստոսի ծնունդը նման էր մանկան սովորական ծնունդի, բայց Աստծո Որդին գոյություն ուներ հավիտենությունից առաջ, ուստի Որդին չծնվեց, այլ տրվեց մեզ՝ մարդկությանը։
Կարևոր է այն հաստատումը, որ Մանուկը ծնվեց մե՛զ համար և Որդին մե՛զ տրվեց։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպես է, ունե՞նք այդ գիտակցումը, որ հրաշալի այս խորհուրդը մեր փրկության համար եղավ։
Այն, որ Հիսուս ծնվեց, փաստ է, պատմական իրողություն։ Այն, որ Որդին տրվեց մեզ, նույնպես իրողություն է։ Պարզապես կարևոր է հարցը ձևակերպել այսպես. արդյոք մեզ համար Մանուկը ծնվե՞լ է, Որդին մեր կյանքում գոյություն ունի՞։ Խնդիրը Սուրբ Ծննդյան իրողությունը միայն փաստելը չէ, այլ այն վերապրելը։ Քանի որ մենք չենք նշում Քրիստոսի ծննդյան տարեդարձը, այլ՝ Փրկչի ծնունդը, որն իրական է, և ամեն տարի Քրիստոս իրապես ծնվում է մեր սրտի քարայրում։
Այլ կերպ՝ Մանուկը մեզ համար չի ծնվի, եթե մենք էլ չծնվենք Նրա համար։ Հոգու ծնունդը ներքին փոփոխություններն են, որոնք արտաքնապես արտահայտվում են աշխարհի, մարդկանց, մեր անձի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Մարդկանց համար մեր հավատքի վկայությունը պայմանավորված է ոչ թե նրանով, թե ինչ ենք զգում, այլ՝ ինչ ենք անում։ Զգալ, որ այսպիսին ենք կամ այնպիսին, դեռ բավական չէ։ Տեսե՞լ եք երբևէ դերասանական խաղ, երբ սրերով կռվում են. առաջին հայացքից զգացողությունն այն է, թե իրական սրախաղ է, սակայն հասկանում ենք, որ դրանք նախապես պայմանավորված շարժումներ են, և այդ «կռվի» մեջ չկա չարություն։ Նույն կերպ վարվում է մարդը. ցույց է տալիս, թե ատում է մեղքը, պայքարում չարի դեմ, բայց այդ պայքարը պարզապես խաղ է։
Եթե Մանուկը ծնվել է մեզ համար, ապա մենք էլ կոչված ենք լինել այդ Մանկան նման։ Եթե Որդին տրվել է մեզ, ուրեմն մենք էլ Աստծո որդիներ ենք։ Որդին տրվեց մեզ, և Նա Իր կյանքը զոհեց մեր փրկության համար, ուստի մենք էլ պիտի մեր կյանքը նվիրաբերենք Որդուն։
Սա հոգևոր կյանքի հրամայականն է. ծնվել իբրև մանուկ, Մանկան նման աճել, զորանալ շնորհներով և իմաստությամբ, որպեսզի պատրաստ լինենք նվիրաբերել մեր կյանքը ճշմարտությամբ, արդարությամբ, ողորմությամբ և սիրով՝ հանուն Աստծո փառքի ու մեր փրկության։
Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆ