Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի նախաձեռնությամբ՝ այս օրերին հավատացյալները հնարավորություն ունեն անցնել պահքը՝ լսելով թեմի հոգևորականների խոսքն ու խորհուրդները։
Քրիստոնեական տեսակետից մահվան ընկալման և Սուրբ Ծննդյան պահքի կարևորության մասին զրուցել ենք Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ։
- Ինչպիսի՞ն պետք է լինի մահվան ընկալումը քրիստոնյայի համար։ Արդյո՞ք մահն ընկալվում է որպես ամեն բանի ավարտ:
- Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում մահ։ Դա կարծես հապավում լինի՝ մարմնի անջատումը հոգուց կամ մարմինն առանց հոգու։ Մարդը մահը ժառանգեց՝ որպես մեղքի հետևանք։ Առաջին մարդը, որն անմահ էր, մեղք գործեց, չզղջաց և որպես պատիժ զրկվեց անմահությունից, դարձավ մահկանացու։ Մինչ Քրիստոսը, կարելի է ասել, որ, այո՛, մահը կարծես թե ամեն բանի ավարտը լիներ, բայց Քրիստոսի շնորհիվ՝ փոխվեց այս ընկալումը, քանի որ Քրիստոս ևս անցավ մահվան ճանապարհով՝ ծնվեց, ապրեց, չարչարվեց, մեռավ և հարություն առավ։ Իր հրաշափառ Հարությամբ՝ իրեն բոլոր հավատացողներին նոր կյանք պարգևեց, ցույց տվեց իր օրինակով, որ մահվամբ ամեն ինչ չի վերջանում․ եթե կա մահ, ապա կա նաև հարություն։ Եթե մինչ Քրիստոս մահը փակուղի էր, Քրիստոսից հետո այն դարձավ մի դուռ, որ տանում է դեպի հավիտենություն:
-Այնուամենայնիվ, մարդը նաև զգացմունքային էակ է և հաճախ դուրս է գալիս մահի, ցավի քրիստոնեական սահմանումներից՝ տրվելով զգացմունքներին: Արդյո՞ք պետք է վիշտը թեթևացնել կամ փորձել մոռանալ, թե՞ այն պետք է ապրել:
-Այո՛, մարդը զգացմունքային էակ է, քանի որ իր շրջապատի հետ ավելի շատ կապված է ֆիզիկապես, քան հոգեպես։ Մարդն իր մարմնին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան հոգուն և հոգևորին։
Երբ մարդ է մահանում, հարազատներն առաջին բանը, որ մտածում են, այն է, թե․ «Վերջ, այլևս չենք տեսնի նրան, չենք շփվի նրա հետ, նրա կյանքին հաղորդակից չենք լինի»։ Հաճախ մոռանում են, որ Աստված հենց այսպիսի մարդածին մտածումները փոխելու համար աշխարհ ուղարկեց իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ Նրա օրինակով փոխենք մեր պատկերացումները կյանքի և մահվան մասին։
Վիշտը, որքան էլ ցանկանանք, չենք կարող մոռանալ, բայց կարող ենք այն իմաստավորել։ Դրա համար նախ և առաջ պետք է լինենք գիտակից քրիստոնյա, կարողանանք առաջնորդվել Քրիստոսի օրինակով և փորձենք հասկանալ, թե ինչ է պատվիրում մեզ Աստված։
-Հաճախ փորձում ենք վշտի մասին լռել՝ ուրիշներին ցավ չպատճառելու համար: Սա քաջությա՞ն, թե՞ թուլության նշան է:
-Կարծում եմ՝ վշտի կամ ցավի մասին պետք չէ լռել։ Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մարդ հիվանդություն ունենա և չդիմի բժշկի, փորձի, այսպես ասած, քաջաբար լռել կամ հանկարծ ուրիշին ցավ, անհանգստություն չպատճառել։ Միևնույն է, հիվանդությունը խորանալու է և մի օր իր մասին շատ դաժան ձևով հիշեցնելու է։ Այդպիսին է նաև վիշտը, որ հոգու ցավն է, հիվանդությունը։ Եվ ինչպես որ մարմնի հիվանդության ժամանակ չի կարելի դիմել պատահական մարդու կամ ինքնաբուժությամբ զբաղվել, այդպես էլ հոգու ցավի պարագայում է անթույլատրելի ինքնաբուժությունը և պատահական մարդու դիմելը։ Մարդը հոգու ցավի, վշտի մասին պետք է խոսի հոգևորականի հետ, ով գիտի՝ ինչպես բժշկել հոգին։
Կարծում եմ՝ նման մոտեցումը ո՛չ քաջության, ո՛չ էլ թուլության նշան է, այլ պարզապես չիմացության արդյունք։ Քանի որ հաճախ մարդիկ իրենց վշտի մասին խոսում են նույնիսկ իրենց հարազատների հետ, բայց նրանք էլ չեն կարողանում որևէ բանով օգնել։
-Այս օրերին Դուք շատ եք առնչվել կորուստ ունեցած ընտանիքների հետ, այդ ամենը տեսնելով՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր հավատացյալներին:
- Ցավ ի սիրտ, այս պատերազմն իր հետ բերեց հազարավոր որդեկորույս ընտանիքներ, բազմաթիվ ընտանիքներ կորցրին իրենց երիտասարդ զավակներին, ինչը շատ ցավալի է։ Բայց և այնպես, մենք քրիստոնյա ենք։ Մարդիկ կարծում են, թե կյանքի երկար ընթացքն ինչ-որ առանձնահատուկ շնորհ է։ Սա կրկին մարդածին պատկերացում է։Մեր Փրկիչը՝ Աստծո Որդին ապրեց ընդամենը 33 տարի։ Քրիստոս, ապրելով 33 տարի, հասցրեց լուծել ամենակարևորը՝ մարդու փրկության հարցը։ Մարդը ստացավ հնարավորություն՝ անմահություն ժառանգելու։
Սուրբ Մարիամ Աստվածածինն անցավ այս ամենի միջով։ Նրա Միածին Որդին կրեց չարչարանքներ ու մահացավ երիտասարդ տարիքում և որ ամենակարևորն է՝ իր կյանքի ընթացքում որևէ մեղք գործած չլինելով։ Բայց Սուրբ Կույսը երբեք, այսպես ասած, գլուխը չկորցրեց, չանիծեց իր չար բախտը, չմեղադրեց Աստծուն։ Այլ խոնարհաբար ընդունեց Աստծո կամքը և դրա համար էլ դարձավ կարևորագույն սրբերից մեկը։
Կցանկանամ, որ մեր որդեկորույս մայրերը Սուրբ Աստվածածնից վերցնեն իրենց օրինակը։ Իսկ մեր բարեպաշտ քրիստոնյաներին կհորդորեմ Սուրբ Ծննդյան պահքին կարևորեն գիտակից ու գործող քրիստոնյա լինելու ձգտումը։ Պետք է միշտ փորձենք խոսքով քրիստոնյա լինելուց դառնալ գործող քրիստոնյա։ Այլ է, երբ ասում ենք, որ քրիստոնյա ենք, այլ է, երբ ապրում ենք որպես քրիստոնյա։ Այս 2020 թվականը մեզ ստիպեց՝ արագացնել այս անցումը։
Մարիետտա Խաչատրյան
Վիկտորյա Մարկոսյան