Ապրիլի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը։ Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գառնիկ Հարությունյանի հետ։
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ խորհուրդ ունի Սուրբ Հարության տոնը Ձեզ համար:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր քրիստոնյայի համար Սուրբ Հարության տոնը, Սուրբ Ծննդյան տոնի հետ մեկտեղ, ամենասպասված ու սիրված տոներից է: Ինձ համար ևս Սուրբ Հարության տոնը սպասված է և կապված է նորի, նորոգման խորհրդի հետ: Ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ այդ հոգևոր նորոգման կարիքն ունի: Դրա շնորհիվ է, որ ուժ ենք ստանում՝ շարունակելու արարել, գործել աշխարհում: Պողոս առաքյալի խոսքով՝ հենց Քրիստոսի հարության փաստն է քրիստոնյաներիս հավատքի հիմքը, առանց որի ունայն է նույն այդ հավատքը, առավել ևս՝ դրա քարոզչությունը:
-Սուրբ Հարության տոնը հաջորդում է Մեծ պահքի շրջանին: Արդյո՞ք յոթշաբաթյա շրջանը լավ առիթ է վերարժևորումների համար: Ի՞նչ եք հասկանում ինքներդ՝ պահք ասելով:
- Միանշանակ. Սուրբ Հարության տոնից առաջ այդ երկար ժամանակահատվածը նաև նշված վերարժևորումների նպատակով է սահմանվել Եկեղեցու հայրերի կողմից: Նկատել եմ, որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են Մեծ պահքի օրերին ոչ միայն հրաժարվում կենդանական ծագման սննդից, այլև փորձում համադրել այդ հրաժարումը որոշակի ոչ սննդային պահեցողության հետ: Դա վերաբերում է հիմնականում վատ սովորություններից և կախվածություններից ազատվելու փորձերին:
Սակայն, ըստ իս, այդ երկրորդ քայլն էլ քիչ է: Մեծ պահքը ոչ թե ամեն տարի զուտ որոշ բաներ չանելու կամ չասելու շրջան է, այլ մի ամբողջ հոգևոր ճամփորդություն, որին պետք է պատրաստվել։ Հենց այդ ճամփորդության ընթացքում պիտի կատարվեն մեղքերի գիտակցում, ապաշխարություն, զղջում, սեփական վարքի վերարժևորում՝ համակցված աղոթքով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ, եկեղեցական արարողություններին մասնակցելով:
Ինքս էլ փորձում եմ տարվա ընթացքում պարբերաբար գնահատել ու արժևորել արածներս, և Հարության տոնի նախընթացը շատ կարևոր ու ավելի երկար ժամանակահատված է դա մանրամասն ու հանգամանալից կատարելու համար:
-Արդյո՞ք Քրիստոսի հաղթանակը միայն Իրենն էր:
- Ո՛չ, ինչպես Քրիստոսի մատուցած զոհն Իր համար չէր, այնպես էլ հաղթանակը միայն Իրենը չէր: Պատահական չէ, որ Քրիստոս «երկրորդ Ադամ» է կոչվել, և ինչպես մեր նախահոր՝ առաջին Ադամի անկումը միայն իր համար հետևանքներ չունեցավ, այնպես էլ Քրիստոսի՝ խաչի վրա մահը, ապա հարությունը և դրանով իսկ մահվան հանդեպ տարած հաղթանակը մարդկության համար էր, որպեսզի ով հավատա, ունենա փրկության հնարավորությունը և արժանանա հավիտենական կյանքին:
-Աստված զոհաբերեց Իր Միածին Որդուն՝ հանուն մարդկության փրկության: Այդպիսով՝ Սուրբ Հարության տոնը դարձավ քրիստոնեության հիմքը: Ո՞րն է, ուրեմն, այս տոնի խորհուրդը և դերը՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյայի կյանքում:
- Իհարկե, հենց Հարությունն է քրիստոնեական հավատքի հիմքը: Քրիստոսի Հարության բարի լուրն են քարոզել առաքյալները բոլոր ազգերին՝ հրեաներին ու հեթանոսներին, որ համբարձվելուց առաջ պատվիրվեց Իր աշակերտներին:
Մեր ազգը բախտ ունեցավ առաջիններից մեկը լսելու այդ ավետիսը և հավատով ընդունելու այն իր հոգում՝ հետագայում դառնալով քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդը: Հայ ազգն իր պատմության ընթացքում ապացուցել է իր հավատը հարության հանդեպ՝ սկսած դեռ Եղիշեի՝ 5-րդ դարում ձևակերպած բանաձևից, մինչև մեր ազգի «Գողգոթան»՝ Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ լինելով բնաջնջման, կարողացանք հառնել, վերակենդանանալ: Ըստ այդմ՝ կարծում եմ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պիտի ունենա նաև պատմական հիշողությունը՝ որպես օրինակ իր հոգևոր կյանքում:
-Իր հարությամբ ի՞նչ է փոխանցում Քրիստոս հավատացյալներիս։
- Քրիստոս Իր հարությամբ նախ և առաջ հույս է տալիս բոլորիս: Հույս՝ հիշեցնելով, որ մարդը միայն մարմին չէ, միայն աշխարհային ու նյութական էակ չէ, այլ նաև հոգի է և միտք: Իր հարությամբ Քրիստոս փրկություն բերեց մարդկությանը և օրինակ եղավ մարդու համար։ Մենք էլ հավատում ենք, որ մի օր հարություն կառնենք մարմնով, ինչպես դավանում ենք Նիկիական «Հավատո հանգանակ»-ում:
Պատրաստեց` Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ