«Պահքը քրիստոնյայի հոգևոր շնչառությունն է»․ Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

«Պահքը քրիստոնյայի հոգևոր շնչառությունն է»․ Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի նախաձեռնությամբ՝ այս օրերին հավատացյալները հնարավորություն ունեն անցնել պահքը՝ լսելով թեմի հոգևորականների խոսքն ու խորհուրդները։
Պահքի և ապաշխարության կարևորության մասին զրուցել ենք Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ։

 

- Տե՛ր հայր, ի՞նչ է պահքը քրիստոնյայի համար, ո՞րն է դրա կարևորությունը մարդու կյանքում։

- Պահքը քրիստոնյայի կյանքում ապահովում է հոգևոր շնչառություն․ ինչպես որ աղոթքը մեր հոգու կապն է  ստեղծում Աստծո հետ, այնպես էլ պահքով մեր մարմինն է ձգտում նմանվել Աստծուն։

Պահք պահողը հրեշտակային կենցաղ է հաղորդում իր կյանքին։ Ինչպես որ հրեշտակները բացարձակ անտարբեր են կերակուրների նկատմաբ,  պահք պահողն էլ, հրեշտակային կենցաղին ձգտելով, երկրորդական է համարում սնունդը և իր ուշադրությունն ու հոգևոր ճիգը կենտրոնացնում է հոգևոր բարիքներին հասնելուն, նոր առաքինություններ ձեռք բերելուն, Աստծո խոսքը լսելուն։ Երբ ասում ենք՝ մարդը միայն մարմին չէ, այլ հոգի է, հասկանում ենք, որ հոգով մարդը աղոթք է անում, բայց դա չի նշանակում, որ մարդու մարմինը չի կարող մասնակցել աղոթքին։ Ինչպես որ աղոթքի ժամանակ մարդու մարմինը ծնրադրում, երկրպագում է Աստծուն, այդ կերպ  մարդը իր որովայնով աղոթք է անում, ինչը  հենց պահքն է։ Հիշեք՝ որքան որ աղոթքն է հարկավոր հոգուն՝ Աստծո հետ կապ ստեղծելու համար, այնքան էլ պահքն է հարկավոր մարդուն՝ իր մարմնի խոնարհումն ու երկրպագությունը Աստծուն ցույց տալու համար։

 

- Վերջին շրջանի իրադարձությունները որքանո՞վ են վերարժևորել  պահքի  գաղափարը մեր ժողովրդի համար։

- Քրիստոնյայի կյանքում պահք պահելու նպատակը ոչ թե համադամ խորտիկներից և կերակուրներից հրաժարվելն է, այլ հրաժարվելն է մեղքից, պայքարելն է մեղքի դեմ, իսկ մեղքերից մեծագույնը կա և մնում է հպարտությունը։ Հպարտությունից է ծնվում գոռոզությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը։ Սրանք մշուշում են մեր տեսադաշտը․ մարդը մեղքերի մեջ գերագնահատում է իր ուժերը։
Մեղքը պատճառ է հանդիսանում, որ մարդ ընկնի հոգևոր թմբիրի մեջ։ Պահքը գալիս է՝ հոգևոր արթնություն հաղորդելու։ Պահք պահող մարդը  սթափ է լինում մեղքի նկատմամբ, անգամ ձախողումների մեջ փորձում է հնարավորություններ տեսնել, փնտրել Աստծո կամքը։ 

Հատկապես այս օրերին, երբ հաղթահարում ենք հետպատերազմյան շրջանը, պետք է մեր թերացումներից, ձախողումներից հետևություններ անենք, փնտրենք զարթոնքի նոր ուղիներ, իսկ դրա համար համադամ կերակուրներով խճողված մարդու որովայնը չի կարող նուրբ և գեղեցիկ մտքեր ծնել։ Հարկավոր է, որ մարդը պահքով ազնվացնի իր անձը, պայքարի չարի դեմ։ Հետևաբար, պահքը գալիս է մեզ օգնելու, որպեսզի կարողանանք հաղթահարել այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են հուսահատությունը, դեպրեսիան, հոգևոր ճգնաժամը։

 

- Ինչպե՞ս ճիշտ պահք պահել։ 

- Պահեցողության ընթացքում քրիստոնյան հրաժարվում է կենդանական ծագում ունեցող կերակուրներից, սնվում միայն բուսական կերակուրներով, որոնք համեմատաբար ավելի քիչ են պարարտացնում մեր մարմինը, այդ կերպ ուշադրությունը կենտրոնացնում են հոգու վրա։

Հիսուս Քրիստոս մկրտությունից հետո փորձվեց սատանայից։ Առաջին փորձությունը սատանայից պահքի միջոցով եղավ․ չարը Քիրստոսին փորձեց պահեցողության մեջ ասելով՝ եթե Աստծո որդի ես, հրամայիր, որ այս քարերը հաց դառնան։ Եվ Տերը Ասաց․ «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ նաև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Հետևաբար՝ պահք պահելը ոչ թե նպատակ ունի կերակուրներից հրաժարվել, այլ Աստծո խոսքով մեզ սնել։

Սուրբ Եկեղեցում տարվա օրերի մեկ երրորդը բաժին է ընկնում պահեցողությանը։ Այս ամենը գալիս է մեզ հիշեցնելու, որ պահքը պահում ենք ոչ թե ինչ-որ հատուկ առիթով, այլ պահեցողությունը մեր հոգևոր կենցաղը պետք է լինի։ Պարտադիր չէ, որ սպասենք հատուկ իրադարձության կամ հատուկ բանի պակասություն ունենանք և այդ ժամանակ որոշենք պահք պահել։ Պահք պահողի նպատակը պետք է լինի Աստծո կամքը կատարելը։ Աստված, տեսնելով մարդու ջանքը և իր կամքը կատարելու փափագը, օրհնում է մարդուն և բարի ընթացք  շնորհում վեհ իղձերին,  երազանքներին։ 

 

- Արդյո՞ք ապաշխարության ճանապարհը անցնում է միայն պահքի միջոցով և պահք պահելու համար որքանով է կարևոր պայման, որ մարդ իրեն մեղավոր համարի։

- Ապաշխարությունը Եկեղեցու 7 սուրբ խորհուրդներից մեկն է, այն կոչված է քրիստոնյային վերահաստատելու իր քրիստոնեական ընթացքի մեջ՝ Աստծո նկատմամբ։ Ապաշխարությունը ինքն իրենով երեք ճյուղ ունի՝ զղջում, խոստովանություն և հատուցում, բայց չի կարող մարդ ունենալ ճշմարիտ զղջում, խոստովանություն և առավել ևս՝ հատուցում, եթե չունենա մեղքի զգացողություն։  Մեղքի զգացողությունն է դրդում մարդուն հրաժարվել մեղքից և կենտրոնանալ հոգևոր կյանքի վրա։

Ապաշխարությունը միշտ ուղեկցվում է պահեցողությամբ։ Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս բժշկեց մի դիվահարի, և աշակերտները զարմացան՝  ինչպես դա իրենց չհաջողվեց անել, Տերն ասաց․ «Այս տեսակ դևը մարդու միջից դուրս չի գալիս, եթե  ոչ պահքով և աղոթքով»։ Ուրեմն՝ տեսնում ենք, որ աղոթքը երբեմն բավական չէ ծանր մեղքերից հրաժարվելու համար։ 

Հովհանու Հայտնության առաջին գրքում կարդում ենք․ «Աստված սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքները իր արյամբ և մեզ թագավորներ, քահանաներ դարձրեց Աստծո և իր հոր համար»։ Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է ապաշխարության ճանապարհով թագավոր լինել մեղքի նկատմամբ, և դա անում է պահքի միջոցով։  Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է քահանա լինել, ոչ թե ձեռնադրյալ քահանա, այլ քահանայության պաշտոնն իր կյանքով կատարող։ Այսինքն՝ Աստծուն ընծայելու իր լավագույնը։

 

- Որպես հոգևորական՝ ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս հավատացյալները առաջնորդվեն Սուրբ Ծննդյան պահքի ժամանակ։

- Մենք շատ շուտով մտնելու ենք նոր տարեշրջան, իսկ նոր տարեշրջանը  մեր դեմ բացում է Մանուկ Հիսուսի ծնննդայն խորհուրդը: Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղղարկեց աշխարհ, որպեսզի նա, ով հավատում է նրան, ընդունի հավիտենական կյանքը։

Աստված մեզ համար կամավոր աղքատացավ, Աստված, թողնելով իր հայրական գահը, երկնային փառքը, իջավ և հաճեց բնակվել մեր մեջ մեզ համար։ Սա մեծ շնորհ էր Աստծո կողմից՝ ցուցաբերված մարդկության նկատմամբ, որովհետև մեր անարժան ձեռքերը շոշափեցին Աստծո թանձրացած խոսքը։ Նա, որ գալիս է  մեղքից և հպարտությունից մեզ ազատելու, հարկ է, որ խոնարհությամբ ընդունվի մեր կողմից։ Եվ նրան ոչ թե պետք է ընդունենք ամանորյա ճոխ սեղաններով, գիրացած և հագեցած, այլ դիմավորենք աղոթքով և պահքով։

Դեկտեմբերի 30-ը ազդարարում  է Սուրբ Ծննդյան պահքի սկիզբը, և այդ օրից սկսած՝ մեկ շաբաթ եկեղեցին պահք է հայտարաում իր հավատացյալների համար, որպեսզի պահքով ազնվացնենք մեր անձերը և իրար ողջունելով ասենք՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս։


 

Վիկտորյա Մարկոսյան

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×