Պետրոսի զղջումը

Պետրոսի զղջումը

Ո՞րն է մեր կյանքի արժեքը, երբ չենք տեսնում մեր կատարած սխալը, չենք գիտակցում մեղքը։ Ո՞րն է այլևս դառնում մեզ համար շարժառիթ և իմաստ։

 

«Ի՞նչ կլինի, եթե չապաշխարենք»,- հաճախ հասնելով ապաշխարության շեմին՝ հարցնում ենք մենք։ Պատասխանն այն է, որ Աստված մեզ տալիս է ընտրության հնարավորություն, սակայն միաժամանակ մեզ պատասխանատու դարձնում մեր ընտրության համար։ Այսպես էլ լինելու է ապաշխարության կամ հակառակը՝ մեղք գործելու, այն գիտակցելու, սակայն չապաշխարելու դեպքում։

 

Սուրբ Գրքից մեզ արդեն հայտնի է Հուդայի օրինակը, ով մեղք գործելով՝ անկեղծորեն զղջաց, սակայն չապաշխարեց՝ չօգտվեց Աստծո ընձեռած հնարավորությունից՝ կործանելով ինքն իրեն։ Չէ՞ որ գրված է․ «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք» (Ղուկաս 13:5)։

Սակայն Սուրբ Գիրքը տալիս է մեզ նաև մեկ այլ օրինակ՝ Պետրոսինը։

 

Քրիստոս Պետրոսին ասել էր, թե մինչ աքաղաղի կանչելը՝ կուրանա Իրեն երեք անգամ։ Այդպես էլ եղավ։ Ահա, երրորդ անգամ երդվելով, թե Քրիստոսին չի ճանաչում՝  «Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, որ նա ասել էր, թե՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ» (Մատթ․  26։75)։ Ղուկաս Ավետարանիչն այս հատվածում ավելացնում է նաև այն, որ աքաղաղի կանչելու պահին «Տերը դարձավ և նայեց Պետրոսին» (Ղուկ․  22։61)։

 

Պետրոսն անկեղծորեն զղջաց և ապաշխարեց իր գործած մեղքի համար, սակայն որքան էլ որ ծանր էր գործածը, նրա մեղքից հետք անգամ չմնաց, և նա շարունակեց իր ծառայությունն Աստծուն։ Այս տեսնում ենք նաև Հովհաննեսի Ավետարանում, երբ Հարությունից հետո երևալով աշակերտներին՝ Քրիստոս Պետրոսին երեք անգամ հաստատել է տալիս նրա սերը՝ Իր նկատմամբ․ «Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին: Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ: Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»: Հիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին»» (Հովհ․ 21։15-17)։ 

 

Որքան էլ որ մեղք գործած լիներ, մեծ էր Պետրոսի սերը Քրիստոսի հանդեպ։ Իրական էր նաև նրա զղջումը, որ ապաշխարության ուղի անցնելով՝ ներում ստացավ  Քրիստոսի կողմից։ Պետրոսի զղջումը, հակառակ Հուդայի զղջման, կործանարար չէր։ Այն Պետրոսին դարձրեց ավելի զգուշավոր իր արարքների մեջ և նրան կրկին արժանացրեց Աստծո ծառան լինելու կոչմանը։ Պետրոսն օգտվեց տրված հնարավորությունից, Աստծո սիրուց և բարեգթությունից։ Նա մշտապես զղջում էր իր ուրացման համար, թեև արդեն ներվել էր Քրիստոսի կողմից, և գուցե հենց այս ներումն էր, որ նրան առաջնորդում էր՝ տալով կրկին սխալ գործած չլինելու զգուշությունը։

 

Այս ընտրության առաջ ենք ամենքս․ մենք ենք որոշում՝ մեղք գործելուց հետո լինել Պետրո՞ս, թե՞ Հուդա։ Մերն է ընտրությունը, մերն է և պատասխանատվությունը։ Ուստի՝ մշտապես հիշենք, որ մեղք գործելը դեռ ավարտը չէ, այլ կարող է լինել մի նոր ճանապարհի սկիզբ՝ լի աղոթքով և ապաշխարությամբ։ Ընտրե՛նք այդ ճանապարհը։

  • 2022-02-08
×