Այրի կնոջ լուման

Այրի կնոջ լուման

Այրի կնոջ առակը պատմում է, թե ինչպես մի աղքատ կին իր ունեցած 2 լուման ընծայեց Տաճարին, իսկ Քրիստոս կանչելով Իր աշակերտներին` նրանց ասաց.  «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ` իր ամբողջ ապրուստը»» (Մարկ. 12.41-44):

 

Այդ աղքատ կինը թերևս իրեն զրկեց անհրաժեշտ սնունդից, իր կյանքի զոհողությունը արեց, որ գուցե մի օր պիտի չուտի, մի կարևոր բանից զրկվի՝ երկու լումայից զրկվելով և տաճարին նվիրելով:Ահա ճշմարիտ նվիրատվության մի օրինակ, ահա Աստծուն հաճելի մի գործ ու առաքինություն:

 

Աստծուն մատուցած նվերի արժեքը կայանում է ոչ թե գումարի չափի մեջ, այլ զոհողության, սիրո չափնի: Այդ պատճառով տառապյալ այրի կնոջ նվերը շատ ավելի մեծ ու արժեքավոր էր, քան հարուստների խոշոր գումարները: 

 

Այրի կնոջ այս օրինակը մեր կյանքի ամեն վայրկյանին, ամեն հանգրվանին արդիական է: Խոսքը անպայման նյութական նվիրատվության մասին չէ: Հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնց պետք է մեր անմնացորդ սերը, հոգատարությունը, կարեկցանքը, նվիրումը:

 

Ամեն մարդ մի գանձանակ է, և Քրիստոս նայում է, թե մենք ինչ ենք զոհաբերում դիմացինի համար: Նման մի գանձանակ է մեր Հայրենիքը, Եկեղեցին ու Քրիստոս նայում է, թե ինչ և ինչպես ենք զոհաբերում: Մեզանից կարծես անհնարին ոչինչ չի պահանջվում, ընդամենը 2 լումա: Այսինքն՝ Աստված չի ակնկալում մեր ուժերից վեր սխրանքներ գործել, այլ պարզապես անել հնարավորը̀ անկեղծ նվիրումով: Ահա, սա է Աստված գնահատում:


 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×