Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Շուշին պատմական Հայաստանի Արցախ նահանգի Վարանդա գավառի կենտրոնն էր: Հնագույն ժամանակներում տեղի հայ բնակչության համար ծառայել է որպես պաշտպանական ամրություն: Հետագայում պարսպապատվում ու դառնում է բերդ՝ վաղ միջնադարում կոչվելով՝ «Շիկաքար»: Շուշին 18-րդ դարի 2-րդ կեսից բերդաքաղաք էր, իսկ 19-րդ դարում՝ ռուսական կայսրության տիրապետության տակ անցնելուց հետո,  առևտրական, արհեստագործական ու մշակութային նշանավոր քաղաք: Ինչպես մեր պատմական հայրենիքի ողջ տարածքը, այնպես էլ Շուշին, բազմիցս ենթարկվել է  թշնամական ցեղերի ասպատակություններին, օրհասական պայքար է մղել պարսկական և թուրքական նվաճողների դեմ, բայց և գոյատևել ու հասել է մինչև մեր օրերը:

 

19-րդ դարում Շուշին յուրահատուկ ճարտարապետական տեսք ուներ՝ իր բնակելի տներով ու հասարակական կառույցներով, որոնցով հարուստ էր հատկապես  քաղաքի բարձրադիր մասում տարածված հայաբնակ Շուշին:  Հայկական թաղերի՝ հետագայում թաղամասերի բաժանված այս տարածքն աչքի էր ընկնում իր գեղեցիկ 2-3 հարկանի բնակելի տներով և այլ կառույցներով: Յուրաքանչյուր թաղ ուներ նաև իր եկեղեցին, որը կրում էր թաղի անունը՝ Ագուլեցոց, Մեղրեցոց, Ղազանչեցոց: Այդ շրջանի բնակելի տներն ու սրբատաշ քարից կառուցված եկեղեցիները հայկական ճարտարապետության հրաշալի նմուշներ են: Տեղական սրբատաշ կրաքարից Շուշիում կառուցվել են 5 եկեղեցի, որոնցից պահպանվել և մեր օրերն են հասել երկուսը՝ Սբ. Հովհաննես Մկրտիչը («Կանաչ ժամ») և Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Վերջինս առանձնանում է ոչ միայն իր չափերով (համարվում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկը), այլև արտաքին տեսքով: Այն իսկական տաճար է՝ շրջապատի վրա թողած իր փառահեղ ազդեցությամբ և կառուցված  հայկական ճարտարապետական  հին ավանդույթներով, վերադարձ կատարելով գմբեթավոր եկեղեցիների տեսակին, որն առավել տարածված էր նախորդ շրջանում, հատկապես 9-14-րդ դարերում: 

 

Եկեղեցու արտաքին տեսքը ճարտարապետական տեսանկյունից շատ տպավորիչ է՝ հավաքված բազմաթիվ դեկորատիվ գոտիներով: Հատկապես առանձնանում են դրվագավոր շքամուտքերի հավաքվածությունը և լուսամուտատեղերի երիզումները: Հարավային շքամուտքի վերևի մասում տեղադրված արձանագրությունից տեղեկանում ենք, որ Ամենակարող Աստծո բարեհաճությամբ և ողորմածությամբ այս հրաշագործ սուրբ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով: Տեղեկանում ենք նաև, որ շինարարությունը սկսվել է 1868 թ. ռուսաց կայսր Ալեքսանդր 2-ի և Գևորգ 4-րդ կաթողիկոսի ժամանակ և ավարտվել՝  1887 թ., Ալեքսանդր 3-ի ժամանակ: 1888 թ. սեպտեմբերի 20-ին տաճարը օծել է Մարգար 1-ին կաթողիկոսը:

 

Չորս վիթխարի սյուներին հենված փառահեղ գմբեթը տեղադրված է շինության հենց կենտրոնում: Եկեղեցին ունի երեք միանման շքամուտքեր, որոնք բացվում են դեպի արևմուտք, հարավ և հյուսիս: Դրանց առջևում կառուցված են գեղեցիկ եռակամար կիսաշրջանաձև, ներսից ու դրսից բազմանիստ գավիթ-նախասրահներ, որոնց շնորհիվ եկեղեցին ստացել է Էջմիածնի Մայր տաճարը հիշեցնող խաչաձև-գմբեթավոր ծավալատարածական հորինվածք:   Սբ. Ամենափրկչի շինարարը  Ավետիս Յարամիշյանցն է, ով իր աշխատանքն ավարտել է 1886 թ. ապրիլին, իսկ ճարտարապետը՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցը: Նախկինում նրանց մասին ոչինչ հայտնի չէր: Զոհասեղանի վերնամասում գտնված այս արձանագրությունը 19-րդ դարից մեզ հայտնի վարպետների և ճարտարապետների ցանկը հարստացրեց ևս երկու վառ անուններով:

 

Եկեղեցուց քիչ հեռու, արևմտյան թևի վրա տեղադրված է եռահարկ զանգակատունը: Երկրորդ հարկի  անկյուններում հրեշտակների չորս արձանիկներ են, որոնք խրոխտ տեսքով փող են փչում: Այդ հրեշտակներից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա՝ որպես քաղաքի խորհրդանիշ: Զանգակատունն ունի նաև դրվագազարդ գոտի, որը քարի փորագրության անզուգական օրինակ է:  Մեզ հայտնի են զանգակատան կառուցման և ժամանակը, և կառուցողները: Արևելյան պատի ընդարձակ արձանագրությունից տեղեկանում ենք, որ զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը՝ ի հիշատակ Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի, ով ծնունդով ղազանչեցի էր և ուխտավոր Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ՝ Բալասանի, որդիներ՝ Արուպի ու Ստեփանի, ինչպես նաև բոլոր ղազանչեցիների: Հարավային պատի վերևի հատվածում նշված է զանգակատան կառուցման թվականը՝ 1858 թ. ամառ: Այս գրառումից դժվար չէ նկատել, որ զանգակատունն ավելի վաղ է կառուցվել, քան Սբ. Ամենափրկիչ տաճարը  (1868 թ.): Սովորաբար նախ կառուցվում է եկեղեցին, հետո նոր զանգակատունը: Սբ. Ամենափրկիչի դեպքում այդպես չէ, և դա բացատրվում է նրանով, որ նրա տեղում եղել է ավելի հին՝ թերևս 18-րդ դարում կառուցված եկեղեցի, որը քանդվել է անհայտ պատճառով (հավանաբար պակաս ճարտարապետական արժեք է ունեցել) և նրա տեղում կառուցվել է նորը՝ ավելի շքեղ եկեղեցի՝ ինչպիսին համարվում է  Սբ. Ամենափրկիչը:

 

Պատրաստեց` Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոր պատմություն» բաժնի վարիչ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×