Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա

«Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք»։

 Բ Կորնթացիներ 4.8-9

 

Ընթացիկ տարվա վերջին ամիսն է՝ դեկտեմբերը․ քաղաքում եղանակն անարև է, մռայլ։ Մոխրագույն ամպերն, ասես, անմիջապես մեր գլխավերևում լինեն․ դրանք անորոշության մասին են, կիսատության՝ կիսահույսի, կիսված հայրենիքի, անհամար կորուստների, որ ունեցանք․․․ Երանի առատ ձյուն գար, ամեն ինչ ճերմակով ծածկվեր, մաքրվեինք, նորոգվեինք, փափկեինք։ Ձյունը, որ մաղվում է անհաշվելի հրեշտակների ճեփ-ճերմակ թևերից, չկա։ Ուրեմն բոլոր հրեշտակները երկրի վրա են հիմա, և նրանցից ամեն մեկը փորձում է շտկել այն, ինչ փչացրել ու աղավաղել է մարդը, փորձում է փրկել այն, ինչ հիվանդացրել ու սպանել է մարդը, ձեռք մեկնել նրանց, ում միակ հույսն Աստված է, հրաշք արարել այն բոլոր երեխաների համար, որոնք կարոտում են իրենց տունը, իրենց հորը, ում այլևս երբեք չեն տեսնելու։ Մեր երկիրը հիմա բաց վերք է, և հրեշտակները շատ գործ ունեն անելու այստեղ, մենք՝ առավել ևս։ Որովհետև մեզնից ամեն մեկը կարող է ապաքինել կողքինին, խաղաղարար լինել համատարած փոթորիկի մեջ, նորոգել ավերակ դարձած մարդկային կյանքեր, սեր տարածել, սեր հոսեցնել՝ փոքր քայլերով, մեծ քայլերով, բայց լուռ, խոնարհ, անաղմուկ։ Քանզի մեր երկիրը, մեր չարչարված, բզկտված երկիրը ծայրահեղ հոգնել է աղմկարարներից, հպարտության ճիրաններում խռխռացող մեծախոսներից, ատելության չափաբաժինն ամեն օր ավելացնողներից․․․

 

 Նախորդ տարի ճիշտ այս ժամանակ, երբ յուրաքանչյուրս հոգեպես պատրաստվում էինք ամփոփել անցնող տարին և դիմավորել նորը, զբաղված էինք նախատոնական եռուզեռով, չէինք էլ կարող ենթադրել, որ 2020 թվականն այսքան բարդ, փորձություններով լի տարի կլինի ամբողջ աշխարհի համար և մե՜զ համար հատկապես։ Մենք տարված էինք մեր սովորական առօրյա խնդիրներով և չէինք էլ պատկերացնում՝ ինչքան կփոխվի մեր կյանքն ընդամենը 12 ամիսների ընթացքում։ Համավարակը, հարկադրված պատերազմը գլխիվայր շուռ տվեցին մեր շուրջ ամեն ինչ, դարձան մեծ փորձություն բոլորիս համար։ Այո, այսօր մեր առաջ բազում խնդիրներ կան ծառացած, մեզնից շատ-շատերն ապրում են իրենց կյանքի ամենածանր ու դառը ժամանակները։ Եվ ես, որպես անուղղելի լավատես, այսօր հենց այդ մարդկանց հետ եմ ուզում խոսել։ Խոսել գալիքի մասին, լույսի մասին․․․

 

  Սիրելի՛ ընթերցող, որ ձեռքդ ես վերցնել մեր ամանորյա համարը և լույս ես փնտրում, ջերմություն, սփոփանք, ապրելու ուժ, գալիքի հույս, իմացիր, որ մենակ չես։ Որովհետև հրեշտակները մեր երկրում են հենց հիմա, և պիտի նորոգեն մեր քանդված տունը։ Որովհետև Աստված լույս է առաքում այնտեղ, ուր մարդն անզոր է, ուր մարդը խարխափում է, ուր մարդը ցավում է։ Որովհետև Աստծո սերը մարդու հանդեպ անչափելի է, և հենց այդ սերն է, որ ապրեցնելու է մեզ, անառողջ մեզ, հուսահա՜տ մեզ, ցաված ու կորսված մեզ։

 

Աստծո սերն է, որ գարուն է բերելու մեզ ու աշխարհին։

 

 «Էլի գարուն կգա, էլի գարուն կգա, էլի գարուն կգա․․․»,- մեծ բանաստեղծի խոսքերը ձմռան օրով աղոթքի պես են հնչում ականջիս։ Ուզում եմ քաղաքի տարբեր անկյուններում՝ սառը պատերի վրա հենց այդ մի տաք տողը գրել՝ էլի գարուն կգա։ Էլի Չարենցներ կծնվեն և շատ այլ մեծեր, խոսքի վարպետներ, որոնց բերած լույսի վրա կհենվի մեր հիվանդ երկիրը։ Մեծ ուսուցիչներ կծնվեն, որոնք կկրթեն մեզ և կհիշեցնեն մեզ՝ ով ենք և ինչ ունենք անելու։ Մինասներ ու Սարյաններ կծնվեն, որոնք կգունավորեն ու արվեստով կլցնեն մեր գորշացած, անգույն, սփրթնած երկիրը, կվեհացնեն մեզ նորից։ Տերը մեզ կառաքի անհրաժեշտ մարդկանց՝ ամեն մեկը մի-մի սյուն իր գործում, և մենք նորից ոտքի կկանգնենք։

 

 Հենց հիմա է չհանձնվելու պահը՝ Նոր տարվա նախաշեմին, ամուր մնալու պահը հիմա՛ է, որովհետև միգուցե զգացողություն է, որ հողի տակ ենք, անշնչացած ենք և չենք ապրում, ու փակ են լույսի բոլոր մուտքերը։ Այո՜, հողի տակ ենք, բայց իբրև սերմ, որ գարնանը ծիլեր է տալու՝ ամուր, հաստատուն, խոստումնալից, հզոր ծիլեր։ Կյանքն անպայման շարունակվելու է նո՜ր ուժով, այն ուժով, որ իրենց կյանքը մեզ համար զոհած տղաներն են թողել այս հողին։ Նրանք մեզ են ժառանգել իրենց երազանքները, իրենց լույսը, իրենց սերը։ Եվ մենք հանձնվելու իրավունք չունենք, հուսահատվելու, նահանջելու, վատատես լինելու իրավունք չունենք։ Որովհետև նրանք Լույս դարձան, որ մենք խավարում չմնանք։

 

Եկեք հիմա, այսօր, Ամանորին և գալիք տարվա ընթացքում արժանի՜ լինենք այդ Լույսին։

 

Եվ Տերը թող զորավիգ լինի մեզ այդ գործում։ Ամեն։

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2022-02-08
×