Երկնավոր քահանայապետությունները բաժանվում են ինը դասի՝ ամենաբարձրից մինչև ցածր, իսկ ինը թիվը, ըստ թվաբանական արհեստի, կատարյալ և բովանդակ թիվ է: Եվ քանի որ մենք, մեր տկար զորությամբ անկարող ենք ստույգ իմանալ նրանց իմանալի բնության կարգը, հետևաբար մի փոքր և ոչ հստակ կասենք նրանց մասին այն, ինչ աստվածային նախախնամությամբ և աստվածաբան մարգարեների տեսությամբ իմացանք:
Արդ, երկնային բոլոր էությունները ինը մականվամբ վերակոչվեցին: Իսկ սրբազան Պողոսը, նա, որ իր աչքով տեսավ անտեսանելիների դասավորությունը՝ հափշտակվելով մինչև երրորդ երկինք՝ երկնային դասերին երեք եռակարգ քահանայական կարգի բաժանեց:
Առաջինների մասին կարելի է ասել, որ մշտապես և անմիջաբար Աստծո մոտ են, քան մյուս էությունները՝ հաղորդակից լինելով անճառ գիտությանն ու սիրուն՝ մերձ Սուրբ Երրորդությանը: Սրանք առաջին քահանայապետություններն են, որ կոչվում եմ աթոռներ, քերովբեներ և սերովբեներ: Սրանցից հետո քահանայապետության երկրորդ կարգն է՝ տերություններ, զորություններ և իշխանություններ: Երրորդը սրանցից ավելի ցածր դասն է՝ պետություններ, հրեշտակապետեր և հրեշտակներ:
Արդ, քանի որ հաղորդվեց ինը դասերի մասին՝ երեք երեքական թվերի բաժանելով, ուրեմն, ըստ նրանց անունների տեսնենք վերլուծական բացատրությունը, փառքի զանազանությունը և յուրաքանչյուրի գործը:
Սերովբեների անունը եբրայերենով կոչվում է «ձայն» կամ «կիզիչ» և «ջերմացնող»: Քերովբեներինը՝ կամ «գիտության առատություն» կամ «իմաստության հեղում»: Իսկ աթոռները մեր լեզվով են կոչվում՝ որպես «Աստծո հանգստարան»: Եվ վայելչապես այսպես կոչվելով՝ առաջին քահանայապետությունները երկնային օրհներգուներն են, որ անընդհատ Աստծու հետ են և աստվածային երևման նախատեսնողներն են: Եվ «կիզիչ» կոչվելով ցույց է տրվում նրանց ողջակիզվող մաքրությունը, նրանց հատուկ անշեջ լուսավորությունը և լուսատեսակ լինելը: Նաև այն, որ ամեն անլույս խավարի հալածող ու ապականող են, որով էլ տրվում է «սերովբե» անվան բացատրությունը:
Իսկ քերովբեների անունը, որ թարգմանվում է «գիտություն և իմաստություն», «աստվածտեսության և գերագույն լուսավորության ընդունարան», ցույց է տալիս նրանց իմաստնացնող հաղորդությամբ լցվելը: Իսկ բարձրագույն աթոռներն իրենց վրա են ընդունում աստվածային հանգստությունը՝ անախտությամբ և սրբությամբ: Նրանց քահանայապետությունը երկնային մյուս քահանայապետություններից մեծ ու բարձրագույն է: Ուստի և սրանք առաջ են իրենցից հետո գոյացածներից և թագավորության համար են կարգված ու զորությամբ բոլոր երևելի և աներևույթ արարածներից գերագույն են: Եվ առաջինն են հաղորդ աստվածային գիտության լույսին ,քան մյուս երկնային զարդերը, որովհետև ոչ թե ուրիշների միջոցով են ուսանում իմաստություն, այլ հենց աստվածպետությունից, սրանցից էլ՝ երկրորդ դասը, իսկ սրանցից էլ՝ երրորդը, որոնցից էլ կարգավորաբար մեզ է հասնում:
Երկրորդ դասը միջին քահանայապետությունն է, որ առաջին դասից ցածր է, իսկ վերջին դասից՝ բարձր: Սրանք տերություններն են, զորություններն ու իշխանությունները: Տերություն անվամբ ցույց է տրվում նրանց ազատ բնություն ունենալը և ամեն ցածրագույն պաշտոնից բարձր լինելը, ոչ թե որ իրենցից վատագույներին պետք է հսկեն, այլ որ հաստատուն են իրենց տերությամբ և ազատ՝ վայելչությամբ, զերծ ամեն տեսակի նվաստագույն ծառայություններից և գերակա՝ առանց թուլության, և արդարև՝ անդադար փափագող տերունական արարչությանը՝ նրան նմանվելով և աստվածատես նմանությանը մշտապես հաղորդակից լինելով՝ ըստ իրենց կարողության:
Իսկ սուրբ զորությունների անվանումը ցույց է տալիս արիությունն ու հաստատությունը, որ պատկերն ու նմանվողն են իրենց գերակա զորություն տվողի: Եվ սրանք են Աստծուն փառաբանող զորությունների զորքերը, որ նրա խոսքն են պահում:
Իսկ սուրբ իշխանությունների զորքը դասակից և համապատիվ է աստվածային տերություններին և զորություններին, քանզի հատկապես սրանցն է գերագույն իշխանությունը, ոչ թե ըստ մարդկային տեսանկյունի փոփոխվող, այլ՝ հավերժ գերագույն և անփոփոխ, ոչ որպես ցածր իշխանությունից հասած այդ աստիճանին, այլ ի սկզբանե լինելով մշտնջենավոր կայուն՝ նույն կարգին հաստատված:
Արդ, այս իշխանական զորությունն ունի աստվածային հատկություն, սակայն կարող է փոխանցվել մեզ հրեշտակային քահանայապետության միջոցով՝ երրորդ դասով: Հրեշտակապետաց դասը դասակից է վերին պետություններին, որովհետև նրանցն ու հրեշտակներինը մի քահանայապետություն է և միջնորդ է երկու քահանայապետական դասերի միջև՝ այսինքն՝ վերին պետությունների և ստորին հրեշտակների դասերի, պետություններին լինելով կցորդ, իսկ հրեշտակներին միավորելով և առաջնորդելով ըստ կարգի: Իսկ հրեշտակների միջոցով մեզ է հաղորդվում աստվածային լուսափայլությունը և նախախնամությունը, որովհետև սրանք երկնային էությունների վերջին դասն են և վերակացու են մարդկային քահանայական դասին: Ուստի և այս աստվածաբանությամբ էլ, ըստ հրեշտակային դասերի նմանության, բաժանվում է մեր քահանայական դասը:
Պատրաստեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ