Ձյան ճերմակ փաթիլի պես տարածվում ու տարրալուծվում է հայ մամիկի աղոթքը, որի հասցեատերը դառնում եմ ես, ամենքս, բոլորը… Իսկ նա Տիրոջը դիմում է ամեն օր, իր պատկառելի տարիքում էլ մնալով այն հավատավոր աղջնակը, որին դեռ փոքրուց Տաճարի ճանապարհին հասու դարձրին: Ու այդ զուլալ առուն, թեպետ, երբեմն՝ տարբեր ընթացքով, բայց հաստատուն անցավ: Հավատն իր կյանքի ապավենն ու վեմը դարձավ, և շուտով 95-ամյակը բոլորող Արեգնազ տատիկը դեմքի խորշոմներից ժպտացող զմրուխտ աչքերով ինձ հայտնի խոսքն է հիշեցնում «Ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Եվ իմ ներքին այն հարցին, թե արդյոք մենք էլ հավատարիմ ենք մեր հավատի կյանքին, Արեգնազ տատիկի գոյությամբ որոշակի դրական արձագանքն եմ լսում: «Ինձ կըսեին գեղեցիկ երեխա է, բայց որբ է: Ես կուլայի, կըսեի՝ որբ ի՞նչ է»: Իր հիշողության ծալքերը շոշափող Արեգնազ տատը սա է կրկնում ու հիշում, որ մի ներքին ձայն՝ հրեշտակը, եկեղեցի տանող ճանապարհին հուշում էր՝ այս ճամփով մի՛ գնա, մյուս ճամփով գնա: Նրա հավաստիացմամբ՝ գյուղամիջում կանգնած տղաները կարող էին և վնասել իրեն, քանի որ մենակ էր հաճախ գնում եկեղեցի: Գանձայում ծնված և հոգևորականի տոհմից սերող փոքրիկ աղջկան քահանան Պատարագների ընթացքում իր կողքին էր տեղ տալիս, և նա հետևում էր արարողությանը՝ կրկնելով լսածը: Այդպես նա միաձուլվեց հոգևորին, իսկ տատիկը, ում խնամքին էր մնացել, սովորեցնում էր հոգևոր երգեր, աղոթքներ: Արեգնազ տատիկը շատ տարիներ անց, երբ դեռ կայուն էր հիշողությունը, իր հավատավոր քույրերից մեկին՝ Ռուզաննային, պատմել էր երազում սերտած «Տերունական աղոթք»-ի մասին, երբ արթնացել էր արդեն անգիր արած: Արեգնազ տատիկը, ում հայրը ողբերգական մահով էր հեռացել, իսկ երիտասարդ մայրիկին ամուսնու ծնողներն ամուսնացրել էին մեկ ուրիշի հետ, իհարկե, ունեցավ հոգատար տատի ջերմ խնամքը, սակայն երբեք չէր անտեսվել Ամենախնամ Տիրոջ հոգածությունից: Գեղեցկուհի ու խիզախ աղջիկը, ով շնորհալի էր և գեղեցիկ ձեռագործի վարպետ, ում գործերն առ այսօր զարդարում են եկեղեցիներն ու մատուռները, բնականաբար շուտ նկատվեց և հետագայում կազմելով իր ամուր ընտանիքը՝ բարեպաշտ ամուսնու շնորհիվ ևս չզրկվեց հոգևոր կյանքով ապրելու հնարավորությունից: Հետո ունեցավ իր զավակներին, առօրյան տարավ տարիները, Գանձայից տեղափոխվեցին Երևան: Ստացվեց այնպես, որ բնակարան ձեռք բերեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում: Ամուսնու մահվանից հետո հարևանուհու խորհրդով սկսեց հաճախել եկեղեցի, և ինչպես ասված է. «Սերմը պարարտ հողում էր, մեկի դիմաց՝ տասը և ավելի»: Արեգնազ տատիկի համար սկսվեց հավատի մի նոր, ուրույն ու հաստատուն ուղի: Ըստ հոգևոր քրոջ՝ նա ոչ մի արարողություն բաց չէր թողնում, անգամ ցրտին ու շոգին այնտեղ էր՝ աննկուն, անտրտունջ՝ ծարավ Աստծո խոսքին ու դրանով ապրող, հավատի լույսը տարածող մտերիմների մեջ: Իսկ ընտանիքում արդեն թոռներն ու ծոռներն են՝ մեծ տատի հետ աղոթող, տատից սովորող՝ քնելուց առաջ և արթնանալիս: Նույնիսկ չորսամյա ծոռնիկը «Տերունական աղոթք»-ը գիտի, որը ակամա բերկրանքով է լցնում սիրտդ և խոսում Աստծո հավատի, գոնե այս ընտանիքում անխաթար ընթացքի մասին: Իսկ Արեգնազ տատիկի հարսը ևս մասն է այս գեղեցիկ հոգևոր ընտանիքի, քանի որ ինքը ևս ուսուցանում է հոգևորի մասին իր երեխաներին, իսկ աղոթել սովորել է հրաշքի միջոցով ու շնորհիվ, և ինքն էլ ունի հոգևոր կյանքի իր պատմությունը՝ լի հրաշքներով: Նա ջերմորեն է պատմում սկեսուրի՝ Արեգնազ տատիկի մասին, որ մի անգամ քնած երեխայի մոտ մնալու փոխարեն նախընտրել էր արթնացնել նրան ու տանել Պատարագի, միայն թե չբացակայեր կամ չուշանար: Եվ այդ անմեղ հոգիների մեջ սերմանվեց ազնիվ ու լուսավոր հատիկը, որը արտացոլված է մեծ տատի լուսաշող ծերունական աչքերի մեջ: Հիմա արդեն տարածված համաճարակն ու Արեգնազ տատիկի տարիքը նրան ստիպել են զրկվել իր սիրելի ու անհրաժեշտություն դարձած հոգևոր կյանքից, սակայն այցելում են հոգևոր քույրերը և պատմում անցած-գնացած օրերի մասին, ուխտագնացությունների մասին, որի ընթացքում Արեգնազ տատիկը ամենաառույգն էր նույնիսկ այդ տարիքում, առաջինն էր հասնում բարձունքի մատուռին ու սրբավայրին: Երբ հարցնում եմ՝ արդյո՞ք դժվար չէր, պատասխանում է. «Ինձ համար դժվար չէ, ուրիշների համար՝ չգիտեմ»: Եվ ժպտում է: Այդպես նա հիշում է Խոր Վիրապի ուխտագնացությունը, 91 տարեկանում գուբն իջնելու դեպքը և ասում. «Ինձ համար շատ հեշտ էր»: Մանանեխի չափ հավատ. մի՞թե Հիսուսի հայտնի այս խոսքի արտահայտությունը չէ պատկառելի տարիքի այս տատիկի արածը: Իսկ իր հայտնի ասացվածք-խորհուրդը ջերմորեն են հիշում ու իրեն հիշեցնում հավատացյալ քույրերը, որ հետևյալն է. «Ուտելու մեջ չուտելն է լավ, խոսելու մեջ՝ չխոսելը»: Սա հաճախ էր կրկնում Արեգնազ տատիկը: Իր առօրյայի մասին խոսելով՝ ասում է. «Առավոտ վեր եմ կենում ու ասում եմ՝ փա՛ռք Աստծո, այսօր էլ լուսացավ: Ինչ որ թող Աստված կատարե, մենակ չհիվանդանամ: Աղոթում եմ, կարդում Սուրբ Գիրքը»: Նեղսրտում է, որ նախկինի պես չի կարող պահքը պահել, սակայն այժմ էլ հնարավորինս փարձում է որևէ կերպ լրացնել դա: Ասում է, որ առանց Աստծո՝ մարդն աննշան է: «Ինձ համար հավատացյալ մարդը երջանիկ է, ուրիշի համար՝ չգիտեմ: Ինձ միշտ օգնել է հավատը, 95 տարեկան եմ, պստիկ չեմ, Աստծո թևի տակ եմ»:
Նա ևս երազում մի աղոթք է սովորել. «Հույսով հավատում եմ Սուրբ Խաչիդ Լույսին», այս կարճ աղոթքը, որ յուրաքանչյուր քրիստոնյա կարող է վերլուծել ու գտնել իր համար կարևորը, գիտեն իր մտերիմները, որոնց Արեգնազ տատիկն ասում է, որ պատգամ ունի տարածելու:
Եվ շարունակվում են Աստծո ողորմածությամբ ապրվող նրա օրերը՝ գոհունակությամբ ու սիրով Արարչին՝ իր զմրուխտ աչքերի լուսաշող փայլով…
Մարիամ ՄԻՐԶՈՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ