Սեր

Սեր

Սերն աստվածային պարգև է և քրիստոնեության հիմքը: Ուստի՝ այն քրիստոնյայի կյանքի ամենակարևոր պայմանն ու ուղեկիցն է: Առանց սիրո աշխարհում ոչինչ գոյություն ունենալ չի կարող, իսկ եթե նույնիսկ ունենա, ապա այն կլինի լիակատար արժեզրկված և կեղծ: Սիրո համար արգելքներ չկան, քանզի իրական սերը պայքար ու պատասխանատվություն է, որը կանգ չի առնի ոչնչի առջև:

 

Այսօր հաճախ է հնչում այն հարցը, թե որն է ավելի գերադասելի՝ սիրե՞լը, թե՞ սիրված լինելը: Իրականում սիրելն ու սիրված լինելը միմյանց հակասող երևույթներ չեն, ավելին՝ հանդիսանում են մեկը մյուսի շարունակությունն ու հաղորդում միմյանց հոգևոր իմաստ և գեղեցկություն, լրացում միմյանց: Սակայն երջանկությունը ոչ թե սիրված լինելու, այլ սիրել կարողանալու մեջ է:

 

Մարդկային հարաբերություններում սիրո յուրաքանչյուր դրսևորում իմաստ ունի, եթե այն բխում է աստվածային սիրուց: Սիրո տարբեր դրսևորումներ կան. սեր ընտանիքի, ընկերոջ, հայրենիքի, Եկեղեցու, Աստծո նկատմամբ: Բայց ինչպիսին էլ լինի սիրո դրսևորումը, հիմքում կարևոր մի բան կա. սերը ցրում է մեր հոգու խավարը, խաղաղություն ու ներդաշնակություն պարգևում մեզ: 

 

Մարդը տարբեր կարողություններով է օժտված. ժամանակի ընթացքում դրանք կարող են կորչել կամ սահամափակվել, կարող ենք կորցնել իրենց նշանակությունը, սակայն սիրելու ունակությունը միակ հավիտենական արժեքն է մարդու համար:

 

Սիրտն ու հոգին մարդու ամենաթանկ պարգևներն են, ամենամեծ ունեցվածքն ու արժեքը: Այդ պատճառով էլ պետք է կարողանալ  լցնել, դաստիարակել սեփական սիրտն ու հոգին աստվածային սիրով: Քանի որ աստվածային սերն է պայմանը, որ Քրիստոս վերածնվում է մեր սրտերում՝ պարգևելով մեզ կյանք ու փրկություն:


 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×