«Ապաշխարեցե՛ք,երկնքի արքայությունը մոտեցել է»

«Ապաշխարեցե՛ք,երկնքի արքայությունը մոտեցել է»

Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է:


Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29):

 


Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

 


Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիսաբեթը հանդիպում է Սուրբ Աստվածածնին, ով արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա. որովհետեւ ահավասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:42-44): Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես, որ նշանակում է աստվածաշնորհ:

 


Հիսուս մկրտվեց Հովհաննեսից. Տեսնելով ընդառաջ եկող Քրիստոսին՝ Հովհաննես Մկրտիչն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մատթ. 3:14): Հիսուս պատասխանեց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն» (Մատթ. 3:15): Եվ ապա նրան թույլ տվեց։ «Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծո Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»» (Մատթ. 3: 16-17)։

  • 0000-00-00
×