Շատերիս մոտ է առաջացել այս հարցը՝ ապրել ներկայո՞վ, անցյալո՞վ, թե՞ ապագայով: Ես ինձ համար վաղուց գտել եմ այս հարցի պատասխանը. անցյալից պետք է վերցնել լավ հիշողությունները, հաղթանակներն ու հաջողությունները, որոնք մեզ չեն խանգարի ներկայում առաջ ընթանալ, իսկ մնացածը թողնել անցյալում, քանի որ մարդուն հատուկ չէ անցյալի մասին երազելը, նա երազում է, միայն, ապագայի մասին: Անցյալն իրավունք չունի ղեկավարել մեր ներկան կամ ապագան. անցյալը պատմություն է: Եթե անցյալը բացասական փորձ է, ապա այն պետք է բաց թողնել, իսկ եթե դրական՝ ապա չարժե կանգ առնել նրա վրա:
Այդպես էր սովորեցնում Պողոս առաքյալը, ով մեծ հաջողության հասավ իր ծառայության մեջ. «Եղբայրնե՛ր, ես ինձ դեռևս կատարյալ չեմ համարում, բայց աշխատում եմ անցյալը մոռանալ ու նայել գալիքին» (Փիլիպպեցիներին 3.13):
Մեր ոգեշնչման միակ աղբյուրը պետք է լինեն առջևի նպատակները: «Չեմ ասում, թե արդեն հաջողել եմ և կատարելության հասել, բայց ձգտում եմ, որ հասնեմ, որովհետև հենց դրա համար Հիսուս Քրիստոս ինձ պահեց» (Փիլիպեցիներին 3.12):
Կարծում եմ՝ շատ տեղին կլինի հիշել երեք իմաստունների առակը.
Երեք իմաստուն վիճեցին, թե ի՞նչն է մարդու համար ավելի կարևոր՝ անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասաց.
—Հենց անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ այժմ կա: Իմ բոլոր կարողությունները ես անցյալում եմ սովորել:
—Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- Մարդուն ապագան է ձևավորում: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ով եմ ուզում լինել:
—Դուք աչքաթող եք արել այն փաստը,- միջամտեց երրորդը,- որ անցյալն ու ապագան մեր մտքերում գոյություն ունեն: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպիսին կմտնեք ապագա և արդյո՞ք այն վերջնակետը չի դառնա ձեր անցյալում: Մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այդքա՜ն բան է կախված:
Եվ հիշե՛ք անցյալը մոռանալ է պետք, ապագան՝ պլանավորել, իսկ ներկան՝ վայելել:
Մարիետտա Խաչատրյան