Հայկական մշակութային ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունեն ձեռագիր մատյանները՝ որպես սուրբ մասունք, գիտության աղբյուր և արվեստի ստեղծագործություն: Քիչ չեն այն ձեռագրերը, որոնց վիճակված է եղել կիսել իրենց ստեղծողների ճակատագիրը՝ դառնալով լուռ ականատեսները հայոց պատմության թե փառապանծ, թե տարաբախտ օրերի: Այդպիսի ձեռագրերից է Զեյթունի Ավետարանը, որը ստեղծվել և պահվել է Կիլիկյան Հայաստանի արքայանիստ և կաթողիկոսանիստ շքեղ պալատներում, առանձին հոգածության արժանացել հայ ազնվատոհմիկ գերդաստաններում, եղել սուրբ և համբուրելի մասունք բարեպաշտ ժողովրդի համար, իսկ Մեծ Եղեռնի օրերին անցել կոտորածի ու գաղթի ճանապարհով:
Զեյթունի Ավետարանը ստեղծել է հայ «մանրանկարչության արքան»` Թորոս Ռոսլինը, 1256 թվականին Կիլիկյան Հայաստանի Հռոմկլա բերդաքաղաքում: Ձեռագիրը գրված է մագաղաթի վրա՝ մասամբ երկաթագրով, մասամբ բոլորագրով: Առաջին թերթերը խորաններ են, որոնք մեզ են ներկայացնում Հռոմկլայի գրչության և մանրանկարչության դպրոցի գեղեցկագույն նմուշներ: Խորաններից բացի հիացնում են նաև չորս ավետարանիչների կենդանի պատկերները: Մատյանի գրեթե բոլոր թերթերը նկարազարդված են լուսանցային գունագեղ և բազմատեսակ մանրանկարներով, մեծադիր և նրբին զարդագրերով՝ գծված ոսկի, կապույտ, կարմիր, կանաչ և այլ երանգներով: Ծաղկողի անթերի ճաշակն ու երևակայությունը, գույների ներդաշնակությունը, պատկերների նրբաոճությունն այս ձեռագիրը դարձրել են հայ մանրանկարչության մեջ գրեթե անհավասար մի գործ:
Մատյանի պատվիրատուն Հայոց Կոստանդին Ա հայրապետն է (կթղ. 1221-1267), ում մասին Ռոսլինը ձեռագրի գլխավոր հիշատակարանում գրում է, թե իր զարմանահրաշ և մաքուր վարքով հիացնում էր բոլորին, բարիքների աղբյուր էր, որբերի հայրն էր և հոգում էր աղքատների մասին, առաջնորդում էր Եկեղեցին առաքելական կանոններով և այնքան սիրելի էր բոլորին, որ անգամ օտար բռնավորներն էին նրան պաշտում: Ահա այս բարեպաշտ հայրապետի խնդրանքով էլ հանճարեղ Ռոսլինը ստեղծում է իր հերթական մատյանը, որը ռոսլինյան մյուս ձեռագրերի պես անցել է դժվար և փոթորկալի ճանապարհ:
Դժվար է ասել, թե Կոստանդին Բարձրբերդցի հայրապետից հետո այս թանկագին ձեռագիրը ո՞ւմ է պատկանել: Ինչ որ պահից սկսած այն պահվել է Զեյթունի Սուրենյան-Բասիլոսյան գերդաստանում: Ձեռագրի ճակատագիրը մեզ հայտնի է Արտավազդ եպիսկոպոս Սուրմեյանի ձեռագրացուցակից, ուր տրված է ձեռագրի նկարագրությունը և մարաշցի հայտնի բժիշկ Հարություն Տեր-Ղազարյանի նամակը՝ գրված Սուրմեյանին 1936թ. օգոստոսի 1-ին:
Բժիշկ Տեր-Ղազարյանն իր նամակում պատմում է հետևյալը: Զեյթունցիների պնդման համաձայն` Սուրենյան-Բասիլոսյան տոհմի ավագը՝ Ասատուր աղան, Ավետարանը հանձնել է Զեյթունի Միջնաբերդի Ս. Աստվածածին եկեղեցուն՝ շարունակելով մնալ ձեռագրի տերն ու պահապանը: 1915թ. կոտորածի օրերին Զեյթունի Սուրենյան-Բասիլոսյան և Ասմնյան իշխանական տները ապաստանում են Մարաշում` իրենց հետ տանելով սուրբ ձեռագիրը: 1916թ. գարնանը Թալեաթից հրաման է գալիս դեպի Դեր-Զոր անապատ տեղահանել Մարաշի հայությանը: Մարաշցի բժիշկ Հարություն Տեր-Ղազարյանը, նախապես տեղեկացված լինելով տեղահանության ծրագրի մասին, Ասատուր աղայից խնդրում է Ավետարանը, ամեն ջանք թափում համոզելու իշխանին, որ իրեն հանձնի այն: «Այդ հինավուրց Զեյթունի իշխանական տունը գաղթած էր ոչնչանալու համար Տեր-Զորի ճամբուն վրա, իսկ Բարձրբերդցիի սքանչելի Ավետարանը մնաց Մարաշ», - գրում է բժիշկը: 1920թ., երբ թուրքերը հարձակվում են Մարաշի վրա, բժիշկն իր երկու քույրերի հետ փախչում է` տանելով Ավետարանը: Ձեռագիրը ճանապարհին ընկնում է, և կրակոցների տարափի տակ հնարավոր չի լինում այն վերցնել:
Այդ դեպքից օրեր անց մի թուրք ներկայանում է Մարաշի առաջնորդ Խաչատուր վարդապետ Տեր-Ղազարյանին և նրան վաճառում Ավետարանը: Բժիշկն իր նամակում այսպես է պատմում. «Այս դեպքից հետո մի թուրք ներկայանում է Մարաշի այդ ժամանակվա հայոց Առաջնորդին՝ Խաչատուր վարդապետ Տեր-Ղազարյանին, և նրան հանձնում Ավետարանը՝ ասելով, թե կրկնակի երազների մեջ իրեն հանձնարարվեց, որ անմիջապես այս գիրքը հանձնի հայ հոգևորականի: Եվ ահա, այդ երազներին հետևելով` բերել էր: Խաչատուր վարդապետը, քսաներկու մեճիտ տալով թուրքին, ազատում է Բարձրբերդցու այս հոյակապ, թանկարժեք ազգային գանձը»: Համաձայն Սուրմեյանի նկարագրության՝ 1936 թվականին ձեռագիրն ուներ 408 թերթ, որոնցից չորսը՝ ավետարանիչների մանրանկարներով, իսկ տասնվեցը՝ խորաններով և համաբարբառով:
Ի վերջո, Ավետարանը հանգրվանում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանում: 1969թ. Կ. Պոլսի հայոց պատրիարք Շնորհք եպիսկոպոս Գալուստյանի և Ամենայն Հայոց Վազգեն Ա Վեհափառի (կթղ. 1955-1994) նախաձեռնությամբ Ավետարանը նվիրաբերվում է Մաշտոցի անվան Մատենադարանին (ձեռ. 10450): Ձեռագրի մեջ պահպանվել են չորս ավետարանիչների պատկերները և չորս խորան (ընծայականը, Եվսեբիոսի նամակը Կարպիանոսին): Փաստորեն, տասնվեց խորաններից բացակայում են տասներկուսը: Ընդամենը մի քանի տարի առաջ պարզվեց, որ ձեռագրի ութ խորան պատկերող թերթերը մեզ անհայտ մարդկանցից գնել է Պոլ Գետտիի թանգարանը (ԱՄՆ, Կալիֆորնիա), որտեղ և դրանք այժմ պահվում են (ձեռ. 59): Մնում է անհայտ ևս չորս խորան պատկերող թերթերի ճակատագիրը: Ե՞րբ և ո՞ւմ ձեռքով են Ավետարանից առանձնացվել մանրանկարչական արվեստի այդ ճոխագույն նմուշները…: Հուսանք, որ մի օր դրանք նորից կմիանան մայր ձեռագրին:
Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող, Պատմ. գիտ. թեկնածու
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ